Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի հատուկ բանագնացին
Հունվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հատուկ բանագնաց դեսպան Հերման Շեյփերին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հիշատակել է անցյալ տարվա մայիսին Ստրասբուրգում Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Տիմմերմանսի հետ ունեցած հանդիպումը և երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ ունեցած զրույցը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Շեյփերը նախարար Նալբանդյանին փոխանցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսի ողջույները և վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր երկրի շահագրգռվածությունը։
Հանդիպմանը անդրադրաձ է կատարվել տարբեր բնագավառներում երկու երկրների փոխգործակցության հարցերին, քննարկվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, երկուստեք կարևորվել է միմյանց թեկնածությունների սատարումը:
Էդվարդ Նալբանդյանը խնդրել է հոլանդացի գործընկերոջը փոխանցել իր բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը: