Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին. աղբյուր
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրազեկ դիվանագիտական աղբյուրին, տեղեկացնում են, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին՝ Փարիզում:
Դրա հետ կապված՝ Է. Մամեդյարովը Փարիզ կմեկնի փետրվարի 23-ին: Հանդիպմանը ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջինը հանդիպումը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերին՝ ԵԱՀԿ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցելության ժամանակ, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերսկսված երկխոսությունը շարունակելու մասին:
Իրենց հայտարարության մեջ միջնորդները հայտնել էին նաև այս տարվա առաջին կեսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու իրենց մտադրության մասին: