211652_close_icon
views-count127089 դիտում article-date 09:10 11-12-2018

Ողբերգական դեպք Ստեփանավանում. բնակարանում առաջացած հրդեհը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել են ընտանիքի 3 անդամների դիերը. կա 1 վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Գուրջանյանի գլխավորությամբ։ Հրշեջները, մարելով բնակարանում առաջացած կրակը՝ այնտեղ հայտնաբերել են նշված տան բնակիչներ՝ 59-ամյա Անուշ Բալասանյանի, 36-ամյա Վահանուշ Հակոբյանի և 10-ամյա Գրիգոր Գրիգորյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հակոբյանը, ով Վ. Հակոբյանի եղբայրն է, կայուն ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանը։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում նույն քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները՝ բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանի և ավագ փորձագետներ Ռոբերտ Քառյանի ու Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։ Առաջին իսկ պահից դեպքի վայր է ժամանել նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Փաստի առթիվ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սերոբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածներն ու վիրավորն ընտանիքի անդամներ են։ Քիչ առաջ Ստեփանավանի հիվանդանոցից վիրավորին տեղափոխեցին Երևանի այրվածքաբանության կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր