211652_close_icon
views-count2504 դիտում article-date 19:38 10-10-2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի մի խումբ սաների` առաջնորդությամբ Հայաստանում Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանի: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց պատանիներին` ուրախություն հայտնելով համայն հայության նվիրական սրբավայր նրանց այցի առիթով: Արգենտինացի ուխտավորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ Մխիթարյան վարժարանի ուսուցիչների նվիրյալ և նախանձախնդիր աշխատանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց նաև, որ Հայրենիք այցը ավանդույթ է դառնում` նպաստելով, որ Հայաստանին միայն դասագրքերից ծանոթ աշակերտներն իրականում հաղորդ դառնան հայ ժողովրդի ավանդույթներին ու սրբություններին: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ այցը հավասարապես խանդավառությամբ պիտի լցնի վարժարանի ոչ միայն հայ, այլև օտարազգի սաների հոգիները: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ զրույցում պատանի ուխտավորները նաև պատմեցին իրենց տպավորությունների մասին, տեղեկություններ փոխանցեցին իրենց կրթական հաստատության, հետաքրքրությունների և ընտանիքների վերաբերյալ: Նորին Սրբությունը սաներին մաղթեց բարի կեցություն, ուրախ, ոգեշնչող և հոգևոր ապրումներով հարուստ օրեր Հայաստանում:

Նմանատիպ նյութեր