211652_close_icon
views-count103061 դիտում article-date 19:25 03-10-2018

Երևանում՝ Հանրապետական ծննդատանը, հերթական եռյակն է ծնվել՝ 1 տղա, 2 աղջիկ. երիտասարդ ամուսինները խնդրանքով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ժողովրդին հայտնի հանրապետական ծննդատանը հերթական անգամ եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մայրը՝ 27-ամյա Լիլիթ Սիմոնյանն ու հայրը՝ 32-ամյա Գոռ Կարապետյանը, առաջին հերթին իրենց շնորհակալությունն են հայտնում նշված ծննդատան բուժանձնակազմին, ովքեր 2 շաբաթից ավելի իրենց հոգատարության տակ են առել Լիլիթին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «3 տարի առաջ այս օրը մենք ամուսնացանք և 3 տարի հետո եռյակ ունեցանք՝ 1 տղա, 2 աղջիկ: Այս 2 շաբաթվա ընթացքում նշված ծննդատան բուժանձնակազմը մեծ հոգատարություն ու աջակցություն ցուցաբերեց մեզ: Ճիշտն ասած՝ կողքից նայում էինք, նման վերաբերմունք ցուցաբերում էին նաև բոլոր հղիների նկատմամբ: Աստծո կամքով և բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երեխաներն առողջ են ծնվել: Թող Աստծո խաչը պահապան լինի ոչ միայն մեր բալիկներին, այլ աշխարհի բոլոր երեխաներին: Հիվանդանոցի մոտ հավաքված Գոռի և Լիլիթի բարեկամներն ու ընկերները խնդրանքով դիմում են կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով. «Եռյակի հայրն ու մայրը բնակվում են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 սենյականոց բնակարանում: Նրանց խնդրանքն է, որպեսզի կառավարությունը աջակցի՝ հիպոտեկով տուն վերցնեն: Նրանք ոչինչ չեն ուզում, միայն այդ հարցով կառավարությունը ընդառաջի և սատար կանգնի: Ու մենք գիտենք, որ վարչապետը հաստատ մի բան կանի»: Իսկ հետո կատակելով՝ասում էին. «Եթե բնակարանի հարցով կառավարությունը օգնության ձեռք մեկնի, չի բացառվում հերթական եռյակը ընտանիքում ծնվի»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված բժշկական կենտրոնը ստեղծվել է ԽՍՀՄ տարիներին՝ 1975 թ.-ին: Այն կոչվել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, իսկ հետո վերանվանվել է Հանրապետական ծննդատուն: Ծննդատան բազայի վրա կառուցվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, որը գործունեության ընթացքում բազմաթիվ ծնունդներ է ունեցել: Տարեկան այստեղ ծնվում են 3500-ից 4000 երեխա, այդ թվում՝ հանրապետության բոլոր մարզերից և Արցախի Հանրապետությունից: Այս պահին նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում կա 50 նորածին՝ 500-ից գրամից մինչև ավելի: Կան նաև 3 երկվորյակներ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ծննդատանը տարեկան ծնվում է մոտ 2000 տղա ու կարելի է բաց ճակատով հայտարարել, որ բժիշկների շնորհիվ է նաև, որ Հայոց բանակը համալրվում է տղաներով, ինչի համար, որովհետև եղել են նաև դեպքեր, երբ հղիները ծանր վիճակում են բերվել նշված բժշկական կենտրոն ու բժիշկները, հավատարիմ Հիպոկրտաին տրված երդմանը, բազմաթիվ մայրերի են երջանկացրել: Օգտվելով առիթից, նշված ինստիտուտի տնօրեն, Երևանի պետական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ –գինեկոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Ռազմիկ Աբրահամյանը իր և կոլեկտիվի անունից շնորհավորում է բոլոր մայրերին՝ թե իրենց բժշկական կենտրոնում, թե այլ հիվանդանոցների ծննդատներում ծնված երեխաների առթիվ: Թող Աստված պահապան լինի մայրերին, թող նրանց երեխաները առողջ և ուրախ մանկություն ունենան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր