211652_close_icon
views-count3863 դիտում article-date 11:09 21-09-2018

Կառավարության և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վարչապետի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Եռաբլուր պանթեոն են այցելել ՀՀ կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այստեղ են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և Զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ: Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: 27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունը ընտրեցին որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։ Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» ասաց անկախությանը՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տալով։ Այսօր մայրաքաղաքի տարբեր մասերում կանցկացվեն Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը։ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն՝ ավտոերթևեկության համար փակ են լինելու։ Հրապարակ տանող բոլոր բեմերում ներկայացվելու է գրեթե բոլոր ոճերի երաժշտություն։ Բացի երաժշտական կատարումներից, կլինեն նաև թատերական ներկայացումներ, արվեստի տարբեր ոճերին վերաբերող տաղավարներ։ Տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդիկ ժամը 14։00-ին հրավիրվել են Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու նկարվելու։ Այսօր ընդունելություն է կազմակերպվելու Բաղրամյան 26 կառավարական շենքում։

Նմանատիպ նյութեր