211652_close_icon
views-count3325 դիտում article-date 11:30 19-09-2018

Հակահեղափոխության սպառնալիքով մինչև գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին. Ստեփան Դանիելյան

Իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ և հակահեղափոխության սպառնալիքով մինչև գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հեղափոխություն իրականացնելու համար «Մերժիր Սերժին» կարգախոսը բավական էր, ինչը միավորել էր մարդկանց մեծամասնությանը: Դրանք տարբեր մշակութաբանություն ու շահեր ունեցող մարդիկ էին, որոնք հոգնել էին երկրի համար որևէ հեռանկար չխոստացող կոռումպացված ու անդեմ իշխանությունից: Համակարգը քանդելուն տարբեր պատճառներով աջակցել են նաև այն ժամանակվա իշխանության դժգոհ թևերը: Դա գուցե ամենակարևոր գործոններից մեկն էր: Նիկոլը ճիշտ պահին ճիշտ տեղում էր հայտնվել ու դրսևորեց անհրաժեշտ վճռականություն ու համառություն: Հիմա իրավիճակ է փոխվել: Քանդելն ավելի հեշտ է, քան սարքելը: Քանդելու շուրջ մարդիկ կարող են միավորվել, կառուցելու համար պետք է ավելի մոտիվացված թիմ: Կառուցելու համար պետք է ճարտարապետական նախագիծ, մասնագիտական թիմ, ժամանակացույց, ռեսուրսներ: Դրանցից ոչ մեկը հիմա չկա և չի էլ կանխատեսվում: Եթե չկա, չեն էլ կարող լինել համախոհներ և աջակիցներ, այլ կարող են լինել գործող իշխանության հնարավորությունների սպառողներ, ինչին սխալմամբ թիմ են կոչում: Չկա ոչ մի թիմ, որովհետև չկա նպատակ ու ժամանակացույց: Իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ և հակահեղափոխության սպառնալիքով մինչև գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին: Հեղափոխությանը նպաստած շատ շերտեր, հատկապես պարոն Տրամաբանության ու տիկին Սթափության հետ «դու»-ով շփվողները, հիասթափված են, քանի որ որևէ տեսանելի ու կանխատեսելի հեռանկար չի գծվել: Իսկ մնացած զանգվածը գարնանը սառնարանների պարունակությամբ է վերաբերմունք արտահայտելու (Քոչարյանն էլ է կարող երբեմն ճիշտ միտք արտահայտել): Սա է իրականությունը, որքան էլ շատերի համար տհաճ լինի այն լսել: Ավելի լավ է այս տեսակետը հիմա լսել, քան գարնանն այն տեսնել»:

Նմանատիպ նյութեր