211652_close_icon
views-count3932 դիտում article-date 22:16 10-09-2018

ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին

Սեպտեմբերի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, ով Երևանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում: Ողջունելով իր վրաց գործընկերոջը՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա, և հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ առնչությամբ կարևորվել է ԱԳՆ-ների միջև ոլորտային պարբերական խորհրդակցությունների և նախարարների միջև հաճախակի հանդիպումների անցկացումը: Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մանրամասն անդրադարձել են նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին: Երկուստեք գոհունակությամբ նշվել է առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ այդ կապերի դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ: Երկկողմ կապերի հետագա խորացման նպատակով առանձնակի ընդգծվել է Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի և Առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը: Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ նոր կառավարությունը հանձնառու է ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա բարեփոխումների գործընթացի շարունակմանը՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտներում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին: Նախարարը հավելել է, որ այս ամենը կարող է նպաստել երկու հարևան երկրների միջև հարաբերությունները էլ ավելի ընդլայնելուն: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները: Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային մանդատ վայելող ձևաչափերի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր