211652_close_icon
views-count2191 դիտում article-date 19:29 19-07-2018

Հ. Յ. Դաշնակցության հայտարարությունն ի զորակցություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ։ Եկեղեցու «բարենորոգման» կարգախոսներով հանդես եկող խմբի սադրիչ և սանձարձակության հասնող պահվածքն ու գործողությունները, ըստ էության, վերածվել է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու նվիրապետի, այլև եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բացահայտ ոտնձգության, ինչն ուղղակիորեն հարվածում է հայ ժողովրդի հոգևոր միասնության համակարգին։ Սահմանադրությամբ ճանաչված է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ հետևաբար պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել եկեղեցական ինստիտուտը թիրախավորող, բռնության դրսևորման միտումներ ունեցող գործողությունները կանխելու ուղղությամբ։ Քննադատելու, բողոքելու իրավունքի իրացումը կարևոր է, սակայն չի կարելի ժողովրդավարությունը շփոթել ամենաթողության հետ՝ խտրականություն չդնելով պայքարի միջոցների և եղանակների մեջ։ Հ.Յ. Դաշնակցությունն իր ամբողջական զորակցությունն է հայտնում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և կոչ է անում պատկան մարմիններին օրենքի շրջանակներում կանխել մեր հոգևոր և ազգային միասնության դեմ ուղղված, իրենց բնույթով աղանդավորական և կասկածելի ծագումնաբանությամբ խմբակների սադրիչ գործողությունները։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին 19.07.2018

Նմանատիպ նյութեր