211652_close_icon
views-count2987 դիտում article-date 18:44 17-07-2018

ՀՀ կառավարությունն առաջարկներ է ներկայացնելու Եվրամիությանը. վարչապետի խոսնակի պատասխանը Սվիտալսկիին․ «168 ժամ»

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև թյուրըմբռնում չկա»,- այս մասին [url=https://168.am/2018/07/17/983393.html]168.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի արած մի քանի դիտարկումներին: Հիշեցնենք, որ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, թե Եվրամիության քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել, դեսպան Սվիտալսկին ասել էր, թե ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ողջ թիմով սպասում են ՀՀ կառավարության կոնկրետ առաջարկներին ու գաղափարներին այն հարցի վերաբերյալ, թե ինչպես կարող են աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին: «Հարկ է հասկանալ, որ չկա փոփոխություն ԵՄ-ի նկատմամբ հայկական քաղաքականության մեջ, իսկ դուք ասում եք, որ այս հայկական գոյություն չունեցող քաղաքականությունը փոփոխության պետք է հանգեցնի ԵՄ-ի կողմից: Կարող եք բացատրել` ինչպես համատեղել այս երկուսը»,- նկատել էր Սվիտալսկին: Արման Եղոյանն ասաց, որ ՀՀ կառավարությունն առաջարկներ է ներկայացնելու Եվրամիությանը: Ըստ նրա՝ այդ առաջարկները վերաբերելու են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին: «Վերոնշյալ առաջարկները ներկայումս մշակման ու ներկայացման փուլում են գտնվում»,- հստակեցրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը: Արման Եղոյանը նաև ընդգծեց, որ թյուրըմբռնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դիրքորոշումներում չկա: Նրա որակմամբ, կա երկխոսություն, աշխատանքային քննարկումներ: «Եղել է երկխոսություն Բրյուսելում, այն շարունակվել է այստեղ դեսպանի կողմից, աշխատանքն ընթացքի մեջ է»,- նշեց Արման Եղոյանը: Նշենք նաև, որ նախօրեին դեսպան Սվիտալսկին տեղեկացրել էր. «Որոշ նախնական գաղափարներ ստացել ենք, կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր: Երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել: Ինչ ենք լսել, որ նրանք ակնկալում են ինստիտուցիոնալ տեխնիկական և ֆինանսական աջակցություն: Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք շատ կոնկրետ գաղափարներ ստանանք»:

Նմանատիպ նյութեր