211652_close_icon
views-count2891 դիտում article-date 10:15 28-01-2017

Եվրամիությանը մնացել է աջակցել, որպեսզի ռուսամետ ուժերի միջև պայքարը համապատասխանի միջազգային չափանիշերին. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում շուրջ 1500 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ։ Նման որոշում է կայացրել այդ հարցով դեռևս անցած տարի ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ։ Իշխանությունը, իհարկե, ամեն կերպ փորձեց խափանել տեսախցիկների տեղադրումը՝ դա պատճառաբանելով ֆինանսական միջոցների անբավարարությամբ և մրցույթին ընդամենը մեկ կազմակերպության մասնակցությամբ, որն առաջարկել է շատ բարձր գին։ Խնդիրը լուծվեց միայն Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի միջամտությունից հետո, ով նախ՝ խոստացավ ավելացնել այդ գործընթացի համար ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, բացի այդ, հասավ նրան, որ կառավարությունը հրաժարվեց դրա համար անհրաժեշտ սարքավորումների ներկրումից գանձվելիք հարկերից։ Սրանք, իհարկե, ավելի շատ տեխնիկական մանրամասներ են։ Ավելի էականն այն է, որ, եթե գոնե՝ ոչ ամբողջությամբ, ապա՝ բավական մեծ թվով ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրվեն՝ ապահովելով ուղիղ հեռարձակում, ինչը, իհարկե, կնպաստի ընտրությունների օրինականության վերահսկողությանը։ Բայց ամենաուշագրավն այն է, որ սա տեղի է ունենում Եվրամիության հետևողականության ու աջակցության շնորհիվ։ Լայն իմաստով՝ սա կարելի է համարել արևմտյան հետևողականություն և աջակցություն։ Իսկ ուշագրավ է այն, որ արևմտյան այդ հետևողականությամբ ու աջակցությամբ Հայաստանում անց են կացվելու ավելի որակյալ ընտրություններ, որոնցում հաղթելու են առավելապես ռուսամետ կամ ռուսական ուժերը։ Չնայած ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերի ու դաշինքների թվում կան նաև որոշակիորեն արևմտյան ուղղվածություն ունեցողներ, սակայն ակնհայտ է, որ հիմնական պայքարն ընթանալու է ռուսամետ իշխանության ու նույնքան կամ ավելի ռուսամետ ոչ իշխանության, ավելի շատ՝ իշխանաստեղծ ուժերի միջև։ Բոլոր նրանք հայտնվելու են խորհրդարանում Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը շարունակելու ու ամրապնդելու նպատակով ու առաքելությամբ։ Եվրամիությանը, փաստորեն, մնացել է աջակցել, որպեսզի ռուսամետ ուժերի միջև պայքարը լինի մրցակցային և համապատասխանի միջազգային չափանիշերին, ինչը, իհարկե, դրական է։ Ողջ խնդիրն այն է, որ այդ մրցակցային պայքարն ի վերջո հանգեցնելու է Հայաստանի՝ որպես պետության մրցունակության անկմանը»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր