211652_close_icon
views-count5706 դիտում article-date 21:47 12-07-2018

Մշակույթի նախարարությունը բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել որմնանկարի վերանորոգման հարցում

ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում բարերարներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման նպատակով: Հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, արժեւորելով 20-րդ դարի նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի մեծ ավանդը հայկական արվեստում, ինչպես նաեւ կարեւորելով Վարպետի ստեղծագործությունների պահպանությունն ու հետագա սերունդներին այն փոխանցելու անհրաժեշտությունը, բոլոր մասնավոր ներդրողներին, բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի (Էջմիածնի տարածաշրջան) մշակույթի տան նախասրահում գտնվող «Սասունցիներ» որմնանկարի (18×3.70 մ, նորահայտ հուշարձան, 1974 թ.) վերականգնման, ամրակայման եւ նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշյալ որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում եւ հրատապ վերականգնման կարիք ունի: Գործընթացն իրականացնելու նպատակով Վարպետի ժառանգ Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ իտալացի մասնագետներ Արա Զարյանի եւ Քրիստին Լամուղէի կողմից սեփական միջոցներով ուսումնասիրվել եւ մշակվել են նշյալ որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչը կազմում է 6.160 (վեց հազար հարյուր վաթսուն) եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Վերականգնման աշխատանքները Ա. Զարյանի եւ Ք. Լամուղէի կողմից իրականացվելու են անվճար»:

Նմանատիպ նյութեր