211652_close_icon
views-count4492 դիտում article-date 14:25 07-06-2018

Հայաստանի արտգործնախարարը ճաշել է Ռուսաստանի Դաշնային ժողովի անդամների հետ

Հունիսի 7-ին Մոսկվա այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային նախաճաշ ունեցավ ՌԴ Պետական Դումայի և Դաշնային Խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների և սենատորների հետ: Տեղեկացնում է ԱԳ [url=http://www.mfa.am/hy/press-releases/item/2018/06/07/fm_russia_duma/]նախարարությունը[/url]։ Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ռուսաստանցի օրենսդիրներն ընդգծեցին նման մակարդակով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ առաջին ձեռքից երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումներին տեղեկանալու առումով։ Վերջիններս իրենց աջակցությունը հայտնեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների և ռազամավարական համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերին: Անդրադարձ կատարվեց Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որը երկկողմ դաշնակցային հարաբերությունների առաջ մղման հարցում իր ուրույն դերակատարությունն ունի: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ այդ զարգացումների օրակարգը զուտ ներհայաստանյան էր, բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքեների շրջանակներում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Կառավարության ծրագիրը և այնտեղ մատնանշված առաջնահերթությունների հիմնական խնդիրները, կառավարության կողմից մատնանշված արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները: Այս համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարին՝ ընդգծելով, որ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են և բանական: Հայաստանի արտգործնախարարը և Ռուսաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները բարձր գնահատեցին հայ-ռուսաստանյան խորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Զրուցակիցները կարևորեցին հայ համայնքի արդյունավետ դերակատարությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական, եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և կարևորեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կարևոր ներդրումը: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ շեշտելով, որ հայկական կողմի համար առաջնայինն Արցախի կարգավիճակն է և Արցախի բնակչության անվտանգությունը:

Նմանատիպ նյութեր