211652_close_icon
views-count11280 դիտում article-date 19:36 31-05-2018

Ջավախքը՝ կրկին հայ-վրացական հարաբերությունների կարևորագույն գործոն. Հարություն Չոբանյան.vesti.am

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Վրաստանում: Նախագահ Արմեն Սարգսյանի այցից օրեր անց վրացական կողմի հրավերով պաշտոնական այց կատարելով Վրաստան, երկու կողմերն էլ ցանկանում են ընդգծել, որ հայ-վրացական հարաբերությունները կողմերի համար ունեն կարևորագույն նշանակություն: Հատկապես ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի այցը Ջավախք: ՀՀ վերջին երկու նախագահներն իրենց պաշտոնավարման ընթացքում երբևէ չեն եղել Ջավախքում: Եվ այժմ, Փաշինյանը, կոտրելով բոլոր կարծրատիպերը, Վրաստան կատարած առաջին իսկ այցի ընթացքում եղավ նաև Ջավախքում: Հարց է ծագում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում այդ «ռիսկային» քայլին: Պետք է նշել, որ վերջինս փորձում է լուծել մի շարք խնդիրներ: Պարզ է, որ այս քայլով նա էականորեն կբարձրացնի իր հեղինակությունը ջավախահայության շրջանում: Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները Ջավախքի և ջավախահայերի շահը ստորոդասել են անձնական շահին և չեն ցանկացել վատացնել իրենց հարաբերությունները վրացական իշխանությունների հետ և Ջավախքի հարցում իրենց պասիվությունը բացատրում էին նրանով, որ ակտիվություն ցուցաբերելու դեպքում կվատանան եղբայրական ժողովուրդների հարաբերությունները և մենք կզրկվենք նաև արտաքին աշխարհի հետ կապող կարևորագույն այս ելքից: ՀՀԿ խմբակցության կազմում ևս մշտապես ընդգրկված են եղել Ջավախքից պատգամավորներ, ովքեր բացառությամբ Շիրակ Թորոսյանի, տարիներ շարունակ Ազգային ժողովում մատնված են եղել անգործության և որևէ կերպ չեն փորձել նեցուկ լինել ջավախահայությանը: Այժմ, Վրաստան կատարած իր առաջին իսկ այցի ընթացքում, ՀՀ նորընտիր վարչապետը այս այցով ցանկանում է ընդգծել Ջավախքի կարևորությունը Հայաստանի համար և հստակ հասկացնել վրացական իշխանություններին, որ հետագա երկկողմ հարաբերություններում ջավախահայության խնդիրներն այլևս չեն անտեսվելու, եթե մինչև հիմա Ջավախքի խնդիրը ՀՀ իշխանությունները դիտարկել են որպես բեռ իրենց ուսերին, ապա այժմ Ջավախքը և ջավախահայությունը հանդես են գալու որպես կարևորագույն գործոն հայ-վրացական հարաբերություններում: Տարիներ շարունակ Ջավախքից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, չստանալով ՀՀ իշխանությունների աջակցությունը, հանդես են բերել պասիվություն և ջավախահայության խնդիրներն անուշադրության են մատնվել: Հուսանք, որ ՀՀ վարչապետի այցը այս առումով ևս կունենա անկյունաքարային նշանակություն և իրադրությունը կփոխվի նաև վրացական խորհրդարանում: Հայ-վրացական հարաբերություններում կարևոր նշանակություն ունի նաև Ջավախքը Հայաստանին կապող ճանապարհի կառուցման հարցը: Ճանապարհը վերջին անգամ նորոգվել է Սահակաշվիլու իշխանության շրջանում և այժմ գտնվում է շատ վատ վիճակում: Պարզ է, որ այդ ճանապարհը, գտնվելով Վրաստանի Հանրապետության սահմաններում, պետք է կառուցվի վրացական կողմի միջոցներով, և այն մտայնությունը, թե այդ ճանապարհի շինարարությունն առաջին հերթին պետք է մեզ, ոչ թե վրացական կողմին, սխալ է այն առումով, որ այս ճանապարհի կառուցումը ստրատեգիական նշանակություն ունենալուց բացի ունի նաև քաղաքական նշանակություն: Վրաստանը, գտնվելով թուրք-ադրբեջանական տանդեմի ֆինանսական աքցանում, ունի նրանցից ազատվելու կարևորագույն խնդիր, և այս ճանապարհի շինարարությունն այս առումով կարող է ունենալ կարևոր նշանակություն: Սրանով վրացական կողմը հստակ կերպով ցույց կտա, որ Հայաստանին իսկապես դիտարկում է որպես եղբայրական պետություն և տարածաշրջանում իր գլխավոր դաշնակից: Համենայնդեպս, Թբիլիսիում ՀՀ վարչապետին ցույց տրված ջերմ վերաբերմունքը, և այն հանգամանքը, որ վրացական իշխանությունները կարծես թե դեմ չէին վերջինիս Ջավախք այցելությանը, դրա մասին մտածելու տեղ են տալիս: Հարություն Չոբանյան

Նմանատիպ նյութեր