211652_close_icon
views-count5470 դիտում article-date 18:55 23-05-2018

Արցախցի բժիշկներն առաջին անգամ իրականացրել են ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Անգիոգրաֆիայի բաժանմունքում առաջին անգամ տեղի մասնագետները մայիսի 16-18-ը իրականացրել են ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ: ԱՀ առողջապահության նախարարության նպատակային աշխատանքների և Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի հայազգի անոթային վիրաբույժ Արա Ուղուրլյանի աջակցության շնորհիվ՝ ընդհանուր առմամբ, երեք անգամ նման միջամտություններ են կատարվել Արցախում: Սակայն նախորդ դեպքերում դրանք իրականացվել են Արա Ուղուրլյանի կողմից՝ տեղի մասնագետների մասնակցությամբ, իսկ արդեն այս անգամ բոլոր աշխատանքները կատարել են արցախցի բժիշկները՝ սփյուռքահայ անոթաբանի անմիջական հսկողությամբ: Մասնագետները նախապես անցկացրել են ավելի քան 31 հիվանդի խորհրդատվություն, որոնցից ընտրել են վիրահատության կարիք ունեցողներին և արդյունքում կատարվել է 16 վիրահատություն: Վիրահատական միջամտությունները իրականացվել են պետական պատվերի շրջանակներում, իսկ ստենտերը և մյուս անհրաժեշտ պարագաները տրամադրվել են բարեգործական հիմունքներով՝ անոթային վիրաբույժի կողմից: Արա Ուղուրլյանը նշել է, որ իր նպատակը արցախցի գործընկերներին անոթաբանության բնագավառում փորձի փոխանակումն է՝ շեշտելով, որ այս նախադեպն Արցախում ինքնուրույն վիրահատություններ իրականացնելու լավ սկիզբ կդառնա: Անգիոգրաֆիկ բաժանմունքի բժիշկներն ընդգծել են, որ արդեն լուծված է ստորին վերջույթների զարկերակների ինվազիվ միջամտությունների կատարման խնդիրը: Նրանք կարևորել են հիվանդների ճիշտ ախտորոշումը՝ պարզելու համար, թե որ հիվանդին է անհրաժեշտ ինտերվենցիոն կամ բաց վիրահատությունների միջամտություն, և որին՝ դեղորայքային բուժում: Անգիոգրաֆիկ կենտրոնի ներդրումը կարևորագույն քայլ էր Արցախի առողջապահության ոլորտում: Կենտրոնում տեղադրված գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքի միջոցով են կատարվում սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվում ու բուժվում անոթային խնդիրներ ունեցողները: [b] Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր