211652_close_icon
views-count6382 դիտում article-date 08:35 19-05-2018

Թուրքիան հաքերային հարձակում է գործել «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության վրա. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների «Ի պաշտպանություն քրիստոնյաների» ոչ կառավարական կազմակերպությունը մեղադրել է Թուրքիային իրենց կայքեջի, ինչպես նաև աշխատակիցների սոցցանցերի և էլեկտրոնային հասցեների դեմ հաքերային հարձակում իրականացնելու մեջ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Կազմակերպության գործադիր տնօրեն Ֆիլիպ Նասիֆի խոսքով, հարձակման արդյունքում, իրենց կայքը, էլեկտրոնային հասցեներն ու սոցցանցերում աշխատակիցների անձնական էջերը մի քանի ժամ անհասանալի էին կամ դրանց վրա տեղադրված էր Թուրքիայի դրոշը. «Մենք նման գործողություններն անընդունելի ենք համարում: Դրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Թուրքիայի համար անտանելի է խոսքի ազատությունը»: Նասիֆը հիշեցնում է, որ ընդամենը մեկ օր առաջ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների Սենատում քննարկում էր կազմակերպվել Թուրքիայում մարդու իրավունքների դեմ ճնշումների վերաբերյալ: Քննարկումների ընթացքում ԱՄՆ-ի սենատորներ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ խոսել են Թուրքիայի իշխանությունների կողմից մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների դեմ իրականացվող լուրջ ճնշումների մասին: Ասուլիսին գործընկերներին աջակցելու էին եկել նաև հայկական և հունական կազմակերպությունների ներկայացուցիչները: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի կարծիքով, Թուրքիայի իշխանությունների նման գործելաոճը նոր չէ. «Այնտեղ, որտեղ Թուրքիայի իշխանությունները չեն կարողանում ճնշել կամ գնել, նրանք փորձում են լռեցնել մարդկանց՝ այդ թվում և հաքերային հարձակումների միջոցով»: Առ այժմ Ֆիլիպ Նասիֆի խոսքով իր կազմակերպությունը զբաղված է հաքերային հարձակման հետ կապված տեղեկությունների հավաքագրմամբ, որից հետո նախատեսում է դիմել ԱՄՆ-ի իրավապահներին՝ գործին իրավական բնույթ տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար. «Ես նորություն ունեմ Թուրքիայի համար. Այն, ինչ աշխատում է Թուրքիայում, Միացյալ Նահանգներում չի աշխատելու: Մենք շարունակելու ենք պայքարը»: Նյութը հրապարակելուց առաջ «Ամերիկայի Ձայն»-ը մեկնաբանություններ էր խնդրել նաև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունից, որոնք մինչ այս ժամը չէին ստացվել: Նշենք սակայն, որ մեղադրանքները հիմնված են միայն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» ոչ կառավարական կազմակերպության հայտարարության վրա, որն առ այժմ իրավապահ մարմիններին չի դիմել:

Նմանատիպ նյութեր