211652_close_icon
views-count11734 դիտում article-date 23:30 16-05-2018

Անկախության օրը Վրաստան 7 նախագահ կժամանի

Վրաստանը մայիսի 26-ին կնշի Անկախության օրն ու Առաջին հանրապետության 100-ամյակը: Հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար երկրի նախագահի նախաձեռնությամբ և հրավերով Վրաստան կժամանեն յոթ պետությունների նախագահներ և տարբեր պետությունների բարձրաստիճան քսան պատվիրակություն: Հյուրերի թվում սպասվում է Լիտվայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Հայաստանի, Լեհաստանի և Սլովակիայի առաջին դեմքերի այցը, հայտնում է [url=https://jam-news.net/?p=102706&lang=hy]JAMNEWS[/url]-ը: «Դա աննախադեպ է, նման բան Վրաստանում դեռ չէր եղել: Այդքան շատ բարձրաստիճան հյուրեր Թբիլիսին միաժամանակ դեռ չէր ընդունել: Այս մայիսի 26-ն ակնհայտ տարբերվում է նախորդ տարիներից», – հայտարարել է նախագահի վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին: Բացի այդ, մայիսի 26-ին Վրաստանում կհիմնվի հայտնի Արևելյան Եվրոպական Կրինիցայի տնտեսական համաժողովի բրենդը: Վարչակազմում բացատրեցին, որ նախագահի այդ նախաձեռնությունը կբարձրացնի երկրի հայտնիությունն ու կնպաստի եվրոպացի ներդրողների ներգրավմանը: Աբաշիշվիլիի խոսքով՝ համաժողովը կբացեն Վրաստանի, Լեհաստանի, Սլովակիայի նախագահներն ու Վրաստանի վարչապետը: Թբիլիսի ժամանելու մտադրության մասին մայիսի 26-ին հայտնել է նաև եվրահանձնակատար Յոհանես Հանը: Նրան կարող է ընկերակցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Մայիսի 26-ի նախապատրաստական աշխատանքները սկսվել են և Թբիլիսիում, և շրջաններում: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն արդեն զարդարված են տոնական պաստառներով: Ավանդաբար այդ օրը Ռուսթավելիի պողոտան փակ է լինում երթևեկության համար: Ողջ օրվա ընթացքում այդտեղ ժողովրդական տոնախմբություններ, համերգներ, ժամանցային ծրագրեր և տոնավաճառ կանցկացվի: Մայիսի 26-ին Վրաստանը նշում է Անկախության օրը: Ուղիղ 100 տարի առաջ՝ 1918թ-ի մայիսի 26-ին, Թբիլիսիում Վրաստանի Ազգային խորհուրդն ընդունեց անկախության պետական ակտը: Վրաստանի Ժողովրդավարական հանրապետությունը, որի անկախությունը ճանաչել էին Եվրոպայի առաջատար պետությունները, ոչ լրիվ 3 տարի գոյություն ունեցավ՝ դադարեցնելով իր գոյությունը Ռուսաստանի օկուպացիայից հետո: Վրաստանը կարողացավ իր անկախությունը վերականգնել միայն 70 տարի անց՝ 1991թ-ի ապրիլի 9-ին:

Նմանատիպ նյութեր