211652_close_icon
views-count89923 դիտում article-date 15:54 25-04-2018

Սպանության փորձ Կոտայքի մարզում. կրակել են Գիտությունների ազգային ակադեմիայի հանգստյան տան տնօրենի եղբոր 23-ամյա տղայի վրա. վերջինը հիվանդանոցում է

Երեկ՝ ապրիլի 24-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ռոման Կիրակոսյանի, ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու Չարենցավանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հովհաննես Թադևոսյանն է։ Իրավապահները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ալափարս-Չարենցավան ավտոճանապարհին գտնվող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ենթակայանին հարակից, ԽՍՀՄ տարիներից կառուցված ջերմոցների մոտից։ Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները Չարենցավանի հիվանդանոցի բակից ապօրինի հրազեն պահելու կասկածանքով Չարենցավանի ոստիկանություն են բերման ենթարկել վիրավորի հորեղբորը՝ համագյուղացի, 53-ամյա Հարություն Թադևոսյանին։ Նրա մոտ հայտնաբերվել է ակոսափող հրազեն, իսկ Հ. Թադևոսյանը հայտարարել է, որ ժամեր առաջ իր ազգականը զանգահարել է իրեն և հայտնել, որ «Բդո» մականվամբ քաղաքացին հրազենային վնասվածք է պատճառել իր եղբոր որդի Հովհաննեսին՝ նկատի ունենալով հիվանդանոց տեղափոխված Հ. Թադևոսյանին և այդ ժամանակ ինքը ինքնապաշտպանության նպատակով իր անվամբ հաշվառված նշված հրազենը վերցրել է իր հետ և ժամանել է Չարենցավանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ոմն Բդոյի անձը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Թադևոսյանն աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի հանգստյան տանը՝ որպես տնօրեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր