211652_close_icon
views-count35193 դիտում article-date 14:09 21-04-2018

ԵԿՄ-ի հայտարարությունը՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, 5-րդ լեգենդար բրիգադի մարտիկները, երիտասարդ, պատանի երկրապահներն անհանգստացած են մեր երկրում վերջին տասնօրյակում ձեւավորված իրավիճակով: Երկրապահի համար կարեւորագույն խնդիրը հայ ազգի, Հայաստանի Հանրապետության, հայկական Արցախ պետության անվտանգության ապահովումն է: Երկրապահը եղել է հայոց բանակի հիմքն ու հենասյունը, երկրապահը կարողացել է ժամանակին իր վրա վերցնել թուրք ազերու պարտադրած պատերազմն ու ե՛ւ կռվել է, ե՛ւ կանոնավոր, պետական բանակ ստեղծել: Երկրապահը պետականության ստեղծման ակունքներում է կանգնած եւ հետագայում էլ անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության երաշխավորող հիմնական գործոններից է եղել: Երկրապահի հենքով ստեղծված հայկական կանոնավոր բանակը կարողացավ մեզ պատերազմ պարտադրած թուրքին հրադադար պարտադրել: Արցախի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր տարածքների ազատագրման համար մղված մարտերում բազում մարտական ընկերներ ենք կորցրել: Մեզ համար թանկ է նրանց արյունը, եւ մենք իրավունք չունենք կորցնելու այն արժեքները, այն ձեռքբերումները, որ նվաճվել են հազարավոր երկրապահների արյամբ, տասնյակհազարավորների առողջության գնով: Երկրապահը բազում անգամներ հայտարարել է եւ հիմա էլ կրկնում ենք՝ Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի, պալիգոնի: Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք: Թշնամին սահմանից այն կողմ է եւ թշնամին այդ ամեն վայրկյան սպասում է հայկական կողմի զգոնության կորստին, սպասում է, որ մեր երկրում խառնակ վիճակ ստեղծվի, որպեսզի նոր ապրիլյան պատերազմ հրահրի: Մենք իրավունք չունենք լինելու անմիաբան, իրավունք չունենք քաղաքական հարցերը լուծել օրինախախտումների միջոցով: Ինքնին հասկանալի է, որ երկրում կան բազում չկարգավորված խնդիրներ, սոցիալական պրոբլեմներ: Հասկանալի է, երբ հանրության մեջ կան իրենց վիճակից, կենցաղից դժգոհ մարդիկ, սակայն, հիմնահարցերի լուծման միակ քաղաքակիրթ ճանապարհն առողջ երկխոսությունն է: Երկրապահը ողջունում է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը: Երկրապահը հերթական անգամ ընդգծում է որ թե՛ հանրահավաքների մասնակիցները, թե՛ ոստիկանները մեր ժողովուրդն են, բոլորս եղբայրներ, քույրեր ենք եւ պետք է ամեն գնով բացառենք միմյանց նկատմամբ ատելությունը: Երկրապահը կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը եւ ՀՀ իշխանությանն անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որի արդյունքում կլիցքաթափվի քաղաքական շիկացած մթնոլորտը: [b]ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր