77368 դիտում
15:18 11-04-2018
Ավտովթար Երևանում. սիրիական համարանիշներով Hyundai-ը բախվել է երեխաներ տեղափոխող ПАЗ ավտոբուսին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Արմենակյան փողոցում բախվել են սիրիական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան և ПАЗ մակնիշի 65 LO 186 համարանիշի ավտոբուսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի 2 ուղևորներ, որոնք երեխաներ են եղել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ավտոմեքենայում եղել են նաև մեծ թվով երեխաներ, որոնք բարեբախտաբար չեն տուժել։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազաբալոնի փականը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+