211652_close_icon
views-count17862 դիտում article-date 22:29 22-03-2018

Մարտի 21-24-ը Արցախում նշվում է՝ որպես Ռուսական խոսքի օրեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 21-ին Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 դպրոցում մեծ շուքով նշվեց Ռուսական խոսքի օրը: Այդ առիթով դպրոց էին այցելել ռուս գրող Վիկտոր Կոնոպլյովը, ԼՂՀ ռուսական համայնքի նախագահ Գալինա Սոմովան, ԱՀ ԿԳՍ նախարարության աշխատող Վրեժ Հարությունյանը եւ ռուսաց լեզվի փորձառու ուսուցչուհի Վերա Խաչատրյանը (Վերա Գերասիմովնա): Դպրոցում հայկական երաժշտության տակ նրանց դիմավորեցին աղ ու հացով եւ ծաղիկներով, որից հետո դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի եւ ռուսաց լեզվի ուսուցիչների հետ միասին նրանք ծաղիկներ դրեցին լեգենդար հրամանատար, դպրոցի անունը կրող Վլադիմիր Բալայանի հուշարձանին: Օրը տպավորիչ էր. աշակերտները դպրոցի բակում դրոշներով էին, այնուհետեւ նրանք հանդես եկան հայոց բանակին նվիրված պարով: Այդ օրը միջոցառում էր կազմակերպված նաեւ դպրոցի դահլիճում: Այն կրում էր «Հայ-ռուսական ժողովրդի բարեկամություն» խորագիրը: Միջոցառումը կազմակերպել է դպրոցի օտար լեզվի մեթոդմիավորումը՝ դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի գլխավորությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի Կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը, շրջանի հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչները եւ նույն դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Միջոցառումը վարում էին դպրոցի աշակերտներ Էլինա Սարգսյանը եւ Գոռ Ավագիմյանը: Բացման խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ, դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նոնա Հայրապետյանը: Այնուհետեւ աշակերտները ռուս եւ հայ ժողովրդական երգերով եւ պարերով, նաեւ բանաստեղծություններով մեծ շուք տվեցին միջոցառմանը: Երեխաների հետ ռուսական երգ երգեց նաեւ նրանց ուսուցչուհին՝ Նոնա Առնոլդովնան, ով նաեւ շնորհավորանքի խոսք ասաց ռուսաստանից այցելած գրողին՝ Վիկտոր Կոնոպլյովին՝ ծննդյան տարեդարձի կապակցույամբ եւ Գանձասարի պատկերով հուշանվեր հանձնեց նրան: Սրտի խոսք ասացին մանկավարժ Վերա Գերասիմովնան, Գալինա Սոմովան, ովքեր նաեւ նվերներ հանձնեցին աշակերտներին՝ ժամացույց եւ գրքեր: Ելույթ ունեցավ գրող Վիկտոր Կոնոպլյովը: Նա խոսեց ռուս-հայկական բարեկամությունից, բարձր գնահատեց հայկական մշակույթը,իր խոսքում նշեց, որ մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Նա նաեւ անդրադարձավ 2016-ի ապրիլյան ռազմագործողություններին , եւ ասաց, որ նույն թվականի մայիս ամսին եղել է Մատաղիսում եւ նկարահանումներ կատարել: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին՝ նման միջոցառում կազմակերպելու համար եւ գիրք նվիրեց ռուսաց լեզվի ուսուցիչներին: Խոսք ասաց Մարտակերտի շրջվարչակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը, ով նաեւ կարեւոր համարեց ռուսական օրերի մեծ շուքով նշելը ՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին, աշակերտներին, հատկապես դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նինա Բադունցին: Նա նաեւ շնորհավորեց բոլոր կանանց միամսյակը: Այդ օրը դպրոցի 11-րդ «բ» դասարանում ռուսաց լեզու առարկայից բաց դաս էր, որն անցկացրեց դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նինա Բադունցը (Նինա Նիկոլաեւնա): Այնուհետեւ Վերա Գերասիմովնան ռուսաց լեզվի ուսուցիչների հետ անցկացրեց սեմինար-խորհրդակցություն, նաեւ բաց դասի քննարկում: Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր