211652_close_icon
views-count4280 դիտում article-date 18:20 21-03-2018

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվել է «Օտրի» տրիոյի կողմից ֆրանկոֆոն երկրների կոմպոզիտորների ստեղծագործությունների ներկայացմամբ

Մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Օտրի» տրիոն հանդես եկավ խորհրդանշական համերգային ծրագրով։ Երեկոյի ընթացքում հնչեցին ֆրանկոֆոն երկրների կոմպոզիտորների՝ Էմիլ Վալդթոյֆլի, Յան Սիբելիուսի, Կամիլ Սեն-Սանսի գործերը։ «Օտրի» տրիոն ունի երկու տարվա համերգային կենսագրություն։ Գործիքային կազմով՝ ջութակ, այլտ, ֆլեյտա, այն բացառիկ է։ Տրիոն ներկայացնում են ալտահար Արևիկ Կոսյանը, ջութակահար Անժելա Թովմասյանը և ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանը։ Երաժիշտները հանդես եկան ինչպես տրիոյով, այնպես էլ՝ դուետներով։ Երեկոյի ընթացքում տրիոյի երաժիշտների հետ ելույթ ունեցավ նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տավղահար Արփինե Բաբայանը։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած համերգը բացվեց տանտիրոջ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Այշեի պարի» ներկայացմամբ։ Երեկոյի ընթացքում հնչեց նաև պրեմիերա՝ Վաչագան Հովհաննիսյանի «Le Stelle» տրիոն ֆլեյտայի, ջութակի և ալտի համար, որը գրվել է հատուկ «Օտրի» տրիոյի համար։ Անսամբլի երաժիշտները նշեցին, որ առաջիկայում ունեն մի շարք ծրագրեր. ապրիլի 7-ին հանդես են գալու Դիլիջանի UWC միջազգային դպրոցում Music of Armenia-ի կողմից իրականացվող «Կանանց երաժշտական միամսյակ» նախագծի շրջանակներում՝ եզրափակելով միջոցառումների շարքը։ Մայիսին համերգով ներկայանալու են Գորիսում։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչելու ուղղությամբ տրիոյի երաժիշտներն աշխատում են։ [b]Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր