211652_close_icon
views-count14158 դիտում article-date 22:32 24-02-2018

Հիմա ավելի լավ ենք պատրաստ դիմակայել «Խոսրովի անտառի» հրդեհի նման արհավիրքի, քան նախկինում. Դ. Տոնոյանն ամփոփում է պաշտոնավարման 1 տարին. Tert.am

[color=#EF2929]Tert.am[/color]-ը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ՝ ամփոփելով վերջինիս պաշտոնավարման 1 տարին: Նախարարն իրենց հատկացված բյուջետային հատկացումներից չի դժգոհում, սակայն շեշտում է, թե չկա նախարարություն, որը կարող է հայտարարել, թե իրեն հատկացված գումարը բավական է նախատեսված բոլոր ծրագրերի իրականացման համար: - Պարո՛ն Տոնոյան, արդեն 1 տարի է՝ ղեկավարում եք ԱԻՆ-ը, սակայն մինչ այս Ձեր զբաղեցրած բոլոր պաշտոններն առնչվել են ՊՆ-ի հետ. դժվար չէ՞ր փոփոխությունը, խնդիրների բախվեցի՞ք: - Պաշտոնի ցանկացած փոփոխություն նոր խնդիր է առաջացնում, և այդ խնդիրների հետ կապված նաև որոշակի գիտելիքներ թարմացնելու կամ ձեռք բերելու անհրաժեշտություն կա: Իհարկե, Պաշտպանության նախարարությունն ինձ համար մեծ փորձ էր՝ կառավարման, նաև պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ԱԻՆ-ում որոշ նմանություններ կան պաշտպանության ոլորտի հետ, ինչպիսիք են քաղաքացիական պաշտպանությունը, բնակչության պաշտպանության կազմակերպումը, արձագանքման, տեղակայման, պլանավորման գործառույթները. այս ամենը շատ նման է պաշտպանության ոլորտին: Ինչ վերաբերում է բնական ու տեխնածին աղետներին, մասնավորապես` բնածին աղետներին, ապա այստեղ ինձ օգնեց իմ առաջին մասնագիտությունը՝ երկրաբանությունը: Կարծում եմ`շատ հեռու չէր ճիշտ պատկերացումներ ունենալը բնական գործընթացների վերաբերյալ, ինչպիսիք են երկրաշարժը, սողանքները, քարաթափումները, մթնոլորտի, հիդրոլոգիայի հետ կապված մի շարք խնդիրներ: Այնպես որ, մեծ դժվարություններ չունեցա: - Երբ նոր նշանակվեցիք նախարար, մամուլում ակտիվ շրջանառվեց ԱԻՆ-ում կադրային փոփոխությունների հարցը: Ըստ որոշ հրապարակումների՝ ընդհուպ մինչև 250 անձ եք Ձեզ հետ ԱԻՆ բերել. նման բան եղե՞լ է, եթե այո, ապա ինչո՞ւ գնացիք այդ կադրային փոփոխությանը: - Շատ հետաքրքիր թիվ է ներկայացվում, բայց այդ թիվն իրականություն չէ: Իհարկե, տեղափոխումներ եղան, ես միանգամից համալրեցի այն հայեցողական պաշտոնները, անձնակազմը, որն ինձ հետ պետք է անմիջապես աշխատեր, ինչպես նաև որոշ մասնագետներ տեղափոխվեցին հայեցողական պաշտոնների: Բայց թվաքանակը մի քանի անգամ փոքր էր Ձեր նշած թվից, տասնյակ անգամ փոքր էր: - Կայի՞ն աշխատակիցներ, որոնց աշխատանքից Դուք գոհ չէիք, և հենց այդ պատճառով չցանկացաք տեսնել Ձեր թիմում: - Այս կերպ կձևակերպեմ՝ դա վերաբերում էր հիմնականում հայեցողական պաշտոններին, քանի որ հայեցողական պաշտոնները հենց նրա համար գոյություն ունեն, որ ցանկացած ղեկավար կարողանա իր քաղաքականությունն իրականացնել, եթե այդ պաշտոնը վստահվել է իրեն: - Վերջերս Գայանե Հարությունյանի՝ 9-ամյա դստեր հետ կամրջից նետվելն աղմուկ բարձրացրեց, կապվեց նաև ԱԻՆ-ի հետ , քանի որ հանգուցյալը ԱԻՆ աշխատակից է եղել: Հիմնական քննադատությունն այն է, որ իմանալով, որ սոցիալական խնդիր է ունեցել, միևնույնն է, աշխատանքից հեռացվել է: Իրականում ԱԻՆ-ի տիրույթում ի՞նչ է կատարվել: - Պաշտոնի բերումով նմանատիպ դեպքերի հետ առնչվել եմ նաև Պաշտպանության նախարարությունում: Ինձ մոտ կայացած մոտեցում կա նման տիպի արարքների նկատմամբ, թեպետ, իհարկե, շատ դժվար է խոսել պատճառահետևանքային կապերի մասին, որը կհաստատվի քննություն ընթացքում: Բայց մեր բոլորիս աշխարհայացքը ձևավորվում է քրիստոնեության պոստուլատներով, գոյություն ունի պատվիրան՝ մի՛ սպանիր, ընդ ուրում՝ մի՛ սպանիր նաև ինքդ քեզ: Ի դեպ, նախարարը չցանկացավ շարունակել, սակայն ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ կամրջից նետված Գայանեին ԱԻՆ-ում ընդառաջել էին և աշխատանքի ընդունել «Սեյսմիկ պաշտպանություն» ծառայության արևմտյան ՊՈԱԿ-ում՝ սահմանված ամենաբարձր աշխատավարձով: -ԱԻՆ-ն այն նախարարությունն է եղել, որը հասարակության կողմից վստահության մեծ չափաբաժին է ունեցել: Անկախ այս ամենից՝ ի՞նչ խնդիրներ նկատեցիք, որոնց կարգավորումն այս 1 տարվա ընթացքում Ձեզ համար առաջնային էին: -Ցանկացած ոլորտ կատարելագործվելու անսահմանափակ հնարավորություններ ունի, այդ թվում նաև արտակարգ իրավիճակներինը՝ աղետների, ռիսկերի կանխարգելման առումով: Կային խնդիրներ տեխնիկական հագեցվածության, կազմակերպչական առումներով, իհարկե, շարունակականություն ապահովվում է, բայց անսպառ հնարավորություն ունենք կատարելագործվելու: Կարող եմ անկեղծ ասել, որ բավականին մեծ առաջընթաց է ապահովվել կապի կազմակերպման առումով, որը կառավարման ոլորտում կարևորագույն միջոց է: Խոշոր հրդեհների ժամանակ մենք ունենք արագ տեղակայվելու ու գործողություններ սկսելու խնդիր, առնչվել ենք նաև պլանավորման հետ կապված խնդիրների: Տեխնիկական հագեցվածության հետ կապված՝ ասեմ, որ միջազգային համագործակցությամբ կարողացանք ապահովել, իհարկե, շատ խնդիրներ սկիզբ էին առել տարիներ առաջ, որոնք այսօր ստանում են իրենց լուծումները: Սեյսմիկ անվտանգության առումով էլ, կարծում եմ, շուտով առաջընթաց կլինի՝ անգամ կրճատումների պարագայում: Համակարգն օպտիմիզացվում է, հնարավոր չէ, որ մենք մեր հարկատուների կողմից տրամադրվող բյուջեն օպտիմալ չօգտագործենք: Հիդրոմետի ոլորտում բավականին առաջընթաց է գրանցվում, քանի որ սկսել ենք օգտագործել համաշխարհային կազմակերպությունների փորձը: Մեր հիդրոմետը ենթարկվել է միջազգային աուդիտի, և լուրջ առաջարկություններ կան, որոնք կլինեն մեր ծրագրերի մեջ: - Տարին արտակարգ իրավիճակների պակաս չզգաց, քանի որ «Խոսրովի անտառ» արգելոցում, Վայոց Ձորի անտառում, Բյուրական գյուղի հարակից տարածքում և այլ տեղերում հրդեհներ բռնկվեցին: Պարզվեց, որ մեր ԱԻՆ տեխնիկական հագեցվածությունը բավարար չէր նման մարտահրավերներին ինքնուրույն դիմակայելու համար: Գոնե հիմա կարո՞ղ ենք արձանագրել, որ մեկ քայլ առաջ ենք նման հրդեհներին դիմակայելու առումով: - Միանշանակ, տարբերություն լինելու է, բայց շատ բան կապված է լինելու նաև ծավալների հետ, որովհետև կան ծավալներ, որոնք միայն մեր երկրի համար անհաղթահարելի են, ինչպես անհաղթահարելի են նաև շատ զարգացած երկրների համար: Նշեցի, որ խնդիր կար մեծ ուժեր տեղակայելու հետ կապված, բայց աջակցություն ստացանք նաև այլ գերատեսչություններից: Կարծում եմ՝ հիմա ավելի լավ ենք պատրաստ դիմակայել նման արհավիրքի, քան նախկինում: - Խոսրովի արգելոցի հետ կապված տարբեր կարծիքներ եղան, ինչպես նաև հայտարարվեց, որ օգնությունն ուշ է ժամանել և այլն: Ի վերջո, ո՞վ էր մեղավոր, արդյոք ԱԻՆ-ը ուշացրե՞լ էր աշխատանքների պատշաճ կատարումը: -Բնապահպանության նախարարության հետ աշխատանքները համատեղ էին կատարվում. մենք կողք կողքի էինք: Ինչ վերաբերում է բնապահպանների, հասարակական կազմակերպությունների գնահատականներին, իհարկե, այն, ինչ իրենք տեսնում էին, դրանից եզրակացություններ անելը սխալ է, քանի որ տեղում 15-20 ժամվա աշխատանք էին տեսնում: Անձնակազմը բավականին ծանր անցանելիության, հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանի, հրդեհի ընթացքում առկա ուժեղ քամու, տեղանքի կտրատված, բարդ ռելիեֆի և ցամաքային ճանապարհների բացակայության պայմաններում էր աշխատում: Կրակի շատ օջախների դժվար էր հասնել անգամ ոտքով, էլ չենք խոսում հրշեջ մեքենայի մասին: Պահ էր լինում, որ անձնակազմը հոգնում էր. երբ նկատում էին հանգստանալիս, նման եզրակացություններ էին անում: Ինչ վերաբերում է կոնցեպտուալ մոտեցումներին՝ մեր և բնապահպանության նախարարության, ասեմ, որ, միանշանակ, ունենք արձագանքման խնդիր: - ԱԻՆ-ի տիրույթում է գտնվում նաև սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, հակակարկտային կայանները, աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը, աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը և այլն: Հիմնականում ո՞ր ոլորտն է, որը դեռևս լուրջ աշխատանքների կարիք ունի, և ո՞ր ոլորտն է, որտեղ շոշափելի արդյունքներ կան: -Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի շնորհիվ Հայաստան է բերվել «Струна-2» գերժամանակակից համալիրը, որը հնարավորություն է տալիս ստուգել շենք-շինությունների ամրությունը և նախապես գնահատել երկրաշարժերի ռիսկերը: Հայաստանը դարձավ տարածաշրջանային այն եզակի երկրներից, որոնք ունեն այս համակարգից: Դրա միջոցով, նախ և առաջ, հնարավոր է գնահատել նոր կառուցվելիք շինության տեղակայման վայրի սեյսմիկ ռիսկերը, հողի ամրությունը, կատարել տեղանքի սեյսմիկ վիճակի հետազոտություն, ինչպես նաև պարզել արդեն կառուցված շենք-շինությունների վթարայնության աստիճանը: Այս շարժական համալիրի միջոցով իրականացվում են նաև հետցնցումային հետազոտություններ, որոնողափրկարարական աշխատանքներ, քանի որ այն հագեցած է ջերմադիտակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև՝ դժվար հասանելի վայրերում նմանատիպ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության համակարգի զարգացման, հանրապետության տարածքում մշտադիտարկման ցանցի ընդլայնման և արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում, Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի (DASE) ներկայացուցիչների հետ համատեղ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրվել են նոր սեյսմիկ կայաններ: ՀՀ կառավարության պիլոտային ծրագրի շրջանակում արդիականացվել է Արտաշավանի ռադիոլոկացիոն կայանը և Հայաստանում ներդրվել են հակակարկտային պաշտպանության նոր հրթիռային կայաններ: Ռուսական արտադրության հակակարկտային հրթիռային «Элия 3» տեսակի 2 կայան տեղադրվել է Արագածոտնի, մեկը՝ Արմավիրի մարզում, ինչի շնորհիվ ստեղծվել է շղթայական պաշտպանության գոտի: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Նորագույն արտադրության, բարձր արդյունավետություն ապահովող վերջին սերնդի հրթիռային կայանները կրակոցներն իրականացնում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն: ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս իրականացվող պիլոտային ծրագրի հիման վրա ՀՀ ԱԻ նախարարությունը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ ՀՀ մյուս մարզերի մշակովի հողատարածքները ևս առնելով նման կայանների պաշտպանության տակ: http://www.tert.am/am/news/2018/02/24/Davit-tonoyan/2620792

Նմանատիպ նյութեր