211652_close_icon
views-count1744 դիտում article-date 16:59 21-02-2018

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ` ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկելու նպատակով: «Ոռոգման համակարգի խնդիրները քննարկելու համար առաջարկում եմ պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ, որպեսզի տեսնենք, թե ելնելով եղանակային պայմաններից` ոռոգման կազմակերպման առումով ինչ խնդիրներ կան և համատեղ քննարկենք դրանց լուծման ուղիները»– նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ոռոգման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով նախարարն առաջարկել է, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության և Ջրպետկոմի մարզային կառույցները ևս ակտիվորեն համագործակցեն միմյանց հետ: Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ջրանցքների մաքրման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև մարտի 15-ը, զուգահեռ ընթանում են սելավատարերի մարքման աշխատանքներ: Կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում ոռոգման համակարգի արդիականացման, համայնքներում ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցման ուղղությամբ: Միաժամանակ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման արդյունքում Արմավիրի,Արարատի և մի շարք այլ մարզերի 99 համայնքում 10500 հեկտար հողատարածքում կբարձրանա ջրապահովվածության մակարդակը, զգալիորեն կկրճատվեն ջրի կորուստները և նոր հողեր կընդգրկվեն գյուղատնտեսական շրջանառության մեջ: Բացի այդ, արդեն ավարտվել են 23 նոր հորատվող և 14 վերականգնվող պոմպակայանների նախագծման մրցույթները, որոնց մեծ մասը տեղակայված կլինեն Արմավիրի մարզում: «Սահմանված են խիստ ժամկետներ. մեկ ամսվա ընթացքում արդեն պետք է ունենանք ամբողջական նախագծված փաթեթներ, որից հետո կհայտարարենք շինարարության մրցույթը», - նշել է Արսեն Հարությունյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կաթիլային ոռոգմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա խնայողաբար օգտագործել ջուրը, ոռոգման գործընթացի բարելավման կարևորագույն բաղադրիչներից է: Քննարկվել է նաև տնտեսված գումարների և նոր ոռոգման համակարգի բարելավման նպատակով միջազգային կազմակերպությունների կողմից նոր ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունը: Մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը ոռոգման խնդիրները հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է պարբերաբար կազմակերպել աշխատանքային ձևաչափով հանդիպումներ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ` ընթացիկ հարցերը կարգավորելու նպատակով:

Նմանատիպ նյութեր