211652_close_icon
views-count1327 դիտում article-date 16:02 19-06-2015

ՀՀ գյուղնախարարը վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր, մասնավորապես, ծիրանի մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրը: ‹‹Այս տարի առատ բերք է սպասվում, բերքահավաքի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և վերամշակող ընկերությունները պետք է պատրաստ լինեն պատշաճ կերպով կազմակերպել մթերումները ›, - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարն առանձնահատուկ ընդգծել է մթերման աշխատանքները սահուն և ժամանակին կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախարարի խոսքով, այս տարի հատկապես ծիրանի առատ բերք է սպասվում, և ակնկալվում է, որ արտադրության ծավալները կգերազանցեն անգամ 2013 թվականի ցուցանիշները: Նախարարը նաև հավելել է, որ այս տարի նախատեսվում է ապահովել ծիրանի մեծածավալ արտահանումներ պայմանավորված Հայաստանի անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությանը՝ հայտնելով, որ հայկական ծիրանը մեծ պահանջարկ ունի հատկապես ռուսաստանյան շուկայում: Նախարարը հորդորել է նաև տեղական ընկերություններին ակտիվորեն մասնակցել արտասահմանյան գյուղատնտեսական ցուցահանդեսներին՝ վստահություն հայտնելով, որ դա կնպաստի ինչպես հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, այնպես էլ գործարար նոր կապերի հաստատմանն ու աշխուժացմանը: Ծանոթանալով ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ նախարարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել լուծումներ գտնելու հարցում:

Նմանատիպ նյութեր