211652_close_icon
views-count8664 դիտում article-date 23:18 19-02-2018

Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 19-ին, Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը։ Միջոցառումները մեկնարկեցին Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, որտեղ ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարի առջև և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ։ Այնուհետև, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն՝ գիրք նվիրելու տոնի շրջանակներում ներկաներին նվիրվեցին գրքեր։ Միջոցառումները շարունակվեցին Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում, որտեղ հանդիսավոր կերպով տեղի ունեցավ տիկնիկային թատրոնի բացման արարողությունը։ Տուն-թանգարանի աշխատակազմի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի կողմից բեմադրվել էր տիկնիկային ներկայացում՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության հիման վրա։ Ներկայացման ավարտին ունեցած իր ելույթում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը ընդգծեց մշակույթի դերն ու նշանակությունը՝ ավելացնելով որ տիկնիկային թատրոնի ստեղծումը նոր երանգ կհաղորդի Թբիլիսիի հայության մշակութային կյանքին։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Հարություն Հայրապետյանը դեսպանության անունից շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին և ընդգծեց Հայրենիքի սահմաններից դուրս ևս հայկական մշակույթն ակտիվ պահելու կարևորությունը։ Ելույթներով հանդես եկան նաև Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Թբիլիսիի Իսանիի շրջանային վարչության նախագահ Կախա Լաբուչիձեն, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և այլք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր