211652_close_icon
views-count10573 դիտում article-date 10:40 16-12-2017

Դուք չե՞ք տեսել կույս խաբեբաների և կաշառակերների. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մի քանի օր առաջ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն «Ազատության» եթերում նախ ասաց, որ մինչև 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը անանուն հարցման ժամանակ ասել է, թե զբաղվել է սեքսով, այնուհետև նախարարությունը նրան ուղղեց՝ նշելով, որ խոսքը տղաների 25 տոկոսի և աղջիկների 1 տոկոսի մասին է: Ցանկություն չունեմ արդարացնելու նախարարին՝ նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդը պետք է գիտակցի՝ ինչի մասին և ինչպես է խոսում: Մանավանդ, երբ խոսքը նման նուրբ, զգայուն թեմաների մասին է: Բայց դրանից հետո սկսված քննարկումը թեման, ինչպես միշտ, շեղեց այլ ուղղությամբ` տարավ մի տեղ, որտեղ ծաղկում է երեսպաշտությունն ու փարիսեցիությունը: Արձագանքը մոտավորապես հետևյալն է՝ «անբարոյականը դու ես, այլասերվածը դու ես ու քո շեֆերն են»: Այսինքն՝ քննադատները ելնում են այն կանխավարկածից, որ մինչև 15 տարեկանը սեքսով զբաղվելն անբարոյականություն է, փչացած, այլասերված լինելու դրսևորում, և ահա նախարարն այդ 25 տոկոս երեխաների մասին ինչ-որ վատ բան է ասել: Բայց նախ՝ եթե հարցված դեռահասը նման բան է ասում, դա դեռ չի նշանակում, որ հենց այդպես էլ կա: Ես, օրինակ, չեմ բացառում, որ տղաները ցանկալին իրականի տեղ են դրել, որովհետև, իմ համոզմամբ, ցանկացած առողջ 15 տարեկան տղա դա խիստ ցանկալի է համարում (աղջիկների մասին չեմ կարող ասել՝ դա էլ կանանց հարցրեք): Բայց ամենակարևորը՝ ո՞վ ասաց, որ սեքսով զբաղվելն անբարոյականություն է: Իհարկե, որոշակի տարիքում դա պետք չէ անել, որովհետև կարող է վնաս հասցնել դեռահասների առողջությանը, նրա՝ դեռևս չձևավորված օրգանիզմին, դա կարող է հետագա ողջ կյանքի համար լուրջ հոգեբանական վնասվածք դառնալ: Պարզ է նաև, որ այդ ամենը անհրաժեշտ է բացատրել երեխաներին: Բայց բարոյականության կամ անբարոյականության հետ դա, իմ կարծիքով, կապ չունի: Անբարոյականը, իմ ընկալմամբ, նա է, ով ստում է, ով երեսիդ ժպտում է, իսկ քո հետևից բամբասում, ով իր խոսքը չի պահում, ով լուծում է իր անձնական նյութական խնդիրները՝ ուրիշներին «ֆռռացնելով»: Բարոյականությունն ու անբարոյականությունը սեռական կյանքով չեն պայմանավորվում: Դուք չե՞ք տեսել կույս խաբեբաների և կաշառակերների: Փողոցային հարցումներից մեկի ժամանակ մի կին հպարտորեն ասաց. «Ես երեք երեխա ունեմ, բայց երբեք սեքսով չեմ զբաղվել»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր