211652_close_icon
views-count23623 դիտում article-date 21:44 06-12-2017

Սլավոնական համալսարանի բեմում գյումրեցիներն էին՝ մարկեսյան «Երկնագույն շան աչքերով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շատ աչքերը» բեմադրությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այսօր Հայ-ռուսական(Սլավոնական) համալսարանի Մշակույթի տան բեմում էր, տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության [url=https://web.facebook.com/ARMMINCULT/posts/1478953265492301?_rdc=1&_rdr]ֆեյսբուքյան էջը[/url]։ «Չափազանց հուզիչ է, որ այսօր՝ 88-ի երկրաշարժի նախօրեին, այստեղ գյումրեցիներն են։ Մենք հյուրընկալել ենք 150-ամյա թատրոնին՝ «տարեց», իմաստուն, մեր մշակույթում իր ծանրակշիռ տեղն ունեցող Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին։Սակայն այս պահին մենք խոսում ենք ոչ միայն 150-ամյա, այլև երիտասարդ, կենսուրախ, ավյունով լի, հույս ու լավատեսություն ներշնչող թատրոնի մասին։ Չափազանց երջանիկ եմ, որ այստեղ է Գյումրու թատրոնը, և քիչ հետո մենք կվայելենք երազային սիրո մասին պատմող մարկեսյան հրաշալի ստեղծագործությունը։ Չգիտեմ, թե գյումրեցիներն ինչ են արել Մարկեսի հետ, բայց համոզված եմ՝ միայն լավը»։ Այն, ինչ գյումրեցիներն «արել » էին Մարկեսի ստեղծագործության հետ, հուզեց ոչ միայն վերոնշյալ խոսքերի հեղինակ, Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանին, այլև բոլոր ներկաներին։ «Սա ներկայացում էր, որը կարողացավ շարժել անշարժը, տվյալ դեպքում՝ իմ զգացմունքները։ Այնքան տպավորիչ էր, որ ներկայացումից հետո տղաներն անմիջապես գնացին ծխելու»,-բեմադրությանը հաջորդած քննարկմանն ասաց երիտասարդներից մեկը։ Աղջիկներից շատերի աչքերում արցունքներ կային։ Նրանցից ամենահամարձակը արցունքոտ աչքերով խոստովանեց․ «Ներկայացման ընթացքում մտածում էի, թե ինքս օրվա մեջ քանի հոգու կողքով եմ անտարբեր անցնում, իսկ գուցե նրանց մեջ հենց նա՞ է…»։ «Երազանքը միշտ կա, բայց ժամանակի ընթացքում մենք կորցնում ենք երազելու ունակությունը, և երազանքը չի դառնում ձգտում ու նպատակ։ Ներկայացման ուղերձը մեկն է՝ երբեք մի՛ դադարեք երազել, երբեմն այն ավելի իրական է, քան կյանքը»,-մարկեսյան ստեղծագործության իր մեկնաբանությունն այսպես ներկայացրեց երիտասարդ բեմադրիչ Ռաֆայել Ասատրյանը։ Գյումրու թատրոնը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում էր ռեկտոր Արմեն Դարբինյանի հրավերով Ալիսա Գևորգյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր