211652_close_icon
views-count10153 դիտում article-date 22:47 17-11-2017

Իգնատի Առաքելյան. Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ոչխարաբուծության ճյուղը զարգացնելու համար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդության բանիմացների խորհրդի անդամ, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Հասան Ալամիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում մահմեդական «հալալ» կանոններով կատարվող մորթի կազմակերպմանն առնչվող հարցերի: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և պաշտոնատար այլ անձինք: Այաթոլլահ Հասան Ալամին նշել է, որ Իրանում մեծ պահանջարկ է վայելում Հայաստանում արտադրված ոչխարի միսը, և իրենք հետաքրքրված են, որպեսզի քննարկվեն ոչխարի մսի արտահանման ծավալներն ավելացնելու և «հալալ» մորթ կազմակերպելու հնարավոր տարբերակներ: «Մեզ համար ևս հետաքրքիր է իրանական շուկան, ուստի քայլեր ենք ձեռնարկում մեր երկրում ոչխարաբուծության զարգացման համար, և համոզված ենք, որ դրա համար առկա են բոլոր նախադրյալները: Սակայն արտահանումն ավելի երաշխավորված և հեռանկարային կլինի, եթե հստակեցվի շուկայի պահանջարկը»,- նշել է Իգնատի Առաքելյանը: Հասան Ալամին իր հերթին նշել է, որ իրենց կողմից տրամադրվող «հալալ» մսի հավաստագիրն անցողիկ է իսլամական երկրներում, ինչը հնարավորություն է տալիս նաև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: Նախարարը կարևորել է Հայաստանում «Հալալի» գրասենյակ բացելու աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը՝ հաշվի առնելով նաև ԻԻՀ–ում ստորագրված անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիրը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է անվճար տարածք տրամադրել` «Հալալի» գրասենյակ բացելու համար: Նախարար Առաքելյանը կարևորել է նաև տոհմային գործի իրանական փորձի ուսումնասիրումը հայ մասնագետների կողմից, որի նպատակով առաջիկայում Հայաստանից աշխատանքային խումբ կմեկնի Իրան: Քննարկվել են նաև «հալալ» մորթի մշակույթի ներդրմանը, հստակ չափանիշների սահմանմանը, այլ սպանդանոցների բացման անհրաժեշտությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր