211652_close_icon
views-count7355 դիտում article-date 10:53 11-11-2017

Կարևոր չէ՝ ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ, կարևոր է դավադրության տեսությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանի բնակչության մեծ մասը ոչ մի բանի չի հավատում՝ ոչ լայն՝ փիլիսոփայական իմաստով, ոչ էլ մանր՝ կենցաղային մակարդակում: Օրինակ՝ երբ մեր ֆուտբոլի հավաքականը պարտվում է, ասում են՝ «խաղը ծախել են», երբ հաղթում է, ասում են՝ «խաղը առել են»: Երբ Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում ի վնաս ընդդիմության, ասվում է՝ «դե պարզ է, իշխանության խամաճիկներն են, ինչպես Բաղրամյան 26-ից հրահանգեն, այդպես էլ կանեն»: Երբ նույն դատարանը որոշում է ընդունում ի նպաստ ընդդիմության, եզրակացությունը հետևյալն է՝ «ամեն ինչ խոսացած է, պայմանավորվել են, որ այս մի հարցում ընդդիմությանը զիջեն»: Եթե ընդդիմադիրը դառնում է Ազգային ժողովի պատգամավոր, նրան նույն պահին հռչակում են «իշխանության պրոյեկտ», երբ չի դառնում, ասում են՝ «էդքան դուխ չունեցավ, որ պայքարի մեջ մտնի»: Համընդհանուր «անհավատության» պայմաններում կարելի է մարդկանց «կերցնել» ցանկացած հեքիաթ՝ միայն թե այն համապատասխանի սահմանափակ, քաղքենիական մտածելակերպին՝ «դիփունքս էլ խաբում ինք ու խաբվում ինք»: Երիտասարդները պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու դեմ՝ ամեն ինչ կազմակերպված է «վերևներից»՝ ուշադրություն շեղելու համար: Բանավեճ է ծավալվում է ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագծի շուրջ՝ կեղծ օրակարգ է, դիտմամբ են մարդկանց ուշադրությունը սևեռում այս երկրորդական խնդրի վրա: Ի դեպ, սպասվում է նոր ալիք՝ այս անգամ աղջիկներին պատվաստելու դեմ, քանի որ պատվաստումները նույնպես, պետք է ենթադրել, ուղղակիորեն հարվածում են «հայու գենին», և դրա մասին էլ կասվի, որ դա հատուկ ներմուծված խնդիր է, որի մասին խոսվում է ամենակարևոր խնդիրները կոծկելու նպատակով: Ուսանողները պայքարում են տարկետման իրավունքը պահպանելու համար՝ դարձյալ «թրոլինգ» է՝ իրականում իշխանությունն ուզում է Ղարաբաղը տա թուրքերին, և դա «աննկատ» դարձնելու համար ուրիշ թեմաներ է բարձրացնում: Այս պարագայում կարևոր չէ՝ ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ այս բանավեճերում, կարևոր է «դավադրության տեսության» յուրահատուկ, հայկական տարատեսակը, ըստ որի՝ բոլորը խաբեբա են, երեսպաշտ են, փարիսեցի են՝ բոլորը, բացի այն անձից, որն այդպես է մտածում: Բայց եթե ամեն ինչը երկրորդական է և անկարևոր, ապա ի՞նչն է կարևոր՝ որ երկիրը կործանվում է և անհրաժեշտ է անհապաղ իշխանափոխությո՞ւն: Բայց 25 տարում մարդկանց ականջներն արդեն մաշվել են այդ դատարկ բանաձևերը լսելով: Դրանցով հնարավոր չէ հասարակական ուշադրությունը գրավել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր