211652_close_icon
views-count41589 դիտում article-date 12:57 28-10-2017

Արտակարգ դեպք Վանաձորում. թալանել են քաղաքի հայտնի առևտրականի տունը, ով կրել է 11 մլն 100 հազար դրամի վնաս

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Արեն Պապիկյանը, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 07։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով անհայտ անձը կամ անձինք բացել են իրենց բնակարանի դուռը և այնտեղից խոշոր չափի գողություն կատարել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ստահակները բնակարանից հափշտակել են 1 մլն 200 հազար դրամ, ոսկյա և արծաթյա զարդեր։ Ընդհանուր առմամբ՝ բնակարանատերերը կրել են 11 մլն 100 հազար դրամի վնաս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բնակարանատերերը Վանաձորում հայտնի են հագուստի առևտրով զբաղվելով և ունեն «Աննա Բալայան» ԱՁ։ Լոռու մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր