211652_close_icon
views-count15714 դիտում article-date 10:21 25-10-2017

ՌԴ վարչապետի շնորհիվ՝ բացահայտվեց հերթական գազային սկանդալը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ Երևանում հայտարարել է, թե Հայաստանի համար գազի սակագինը հաջորդ տարի չի բարձրանա: «Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,- ասել է Մեդվեդևը: Սա նշանակում է, որ ՀՀ սահմանին գազի սակագինը 1 հազար խմ-ի համար կմնա 150 դոլար նաև 2018 թվականին: ՌԴ վարչապետի պատվիրակության կազմում Հայաստան այցելած «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերն էլ հայտարարել է, թե Հայաստանը հիմա արդեն ավելի շատ գազ է սպառում. «2017-ի առաջին 9 ամիսներին 2016-ի այդ նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարումները աճել են մոտ 200 մլն խորանարդ մետրով»,- նշել է նա: Փաստորեն, շնորհիվ ՌԴ վարչապետի՝ պարզվեց հերթական գազային սկանդալը: ՀՀ իշխանությունների հետ ռուսական կողմը պայմանավորվածություն էր ձեռք բերել գազի սակագինը հաջորդ տարի վերանայելու և բարձրացնելու մասին, բայց որպես բարի կամքի դրսևորում՝ «Գազպրոմը» հիմա չի գնա այդ քայլին: Իսկ Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահել այդ հեռանկարի հավանականությունը ճիշտ այնպես, ինչպես թաքցրել էին նախորդ դեպքերում. հիշում եք՝ 2013թ. համապետական ընտրություններից հետո պարզվեց` գազի սակագինը տարիներ շարունակ Հայաստանի սահմանին բարձրացել էր, արդյունքում` հսկայական պարտքեր էին կուտակվել, և իշխանությունները թաքցրել էին այդ փաստը` պարտքն էլ փակելով ՌԴ-ին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասը վաճառելով: Ավելին՝ երբ 2016թ. դեկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրել էին ՀՀ ԱԺ ընտրություններից հետո գազի սակագինը բարձրացնելու հեռանկարի մասին, նա բացասական պատասխան էր տվել: Բայց, փաստորեն, միաժամանակ ռուսական կողմի հետ ՀՀ իշխանություններն այլ պայմանավորվածություն են ունեցել` 2018-ից գազի սակագնի վերանայման մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր