211652_close_icon
views-count6639 դիտում article-date 17:05 21-10-2017

Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ անցած ժամանակահատվածում երկու երկրները հաստատել են բազմաբովանդակ, դեպի ապագան միտված հարաբերություններ, որոնք հիմնված են Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդներ միջև բարեկամության ամուր ավանդույթների, հարգանքի և փոխադարձ համակրանքի վրա: Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրում է, որ 2017թ. հունիսին Տաջիկստանի նախագահ Է. Ռահմոնի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատեցին հայ-տաջիկական հարաբերությունները առավել բարձր մակարդակի հասցնելու երկկողմ հետաքրքրությունը: Հայաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ջանքերը այսուհետ ևս կնպաստեն քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու միջազգային հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև տնտեսական և հումանիտար կապերի խորացմանը: Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում Սիրոջիդին Ասլովը նշում է, որ փոխադարձ վստահության, հարգանքի և աջակցության սկզբունքերի վրա հիմնված հայ-տաջիկական հարաբերություններն այս ժամանակահատվածում հասել են համագործակցության բարձր մակարդակի՝ ընդգծելով, որ մեծ ծավալի համատեղ աշխատանք է իրականացվել երկկողմ հարաբերությունների ամրապնդման և նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղությամբ: Արտգործնախարար Ասլովը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված ավանդապես սերտ կապերն ու հագեցած երկխոսությունն այսուհետ ևս կնպաստեն հայ-տաջիկական բազաբնույթ կապերի համակողմանի զարգացմանը միտված նպատակների իրականացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Նմանատիպ նյութեր