211652_close_icon
views-count8819 դիտում article-date 10:24 19-10-2017

Որտեղ են ճաշում ԱԱԾ-ի հյուրերը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն ամեն տարի էական գումարներ է հատկացնում ներկայացուցչական ծախսերի համար: ԱԱԾ-ի կատարած գնումների պայմանագրերի ուսումնասիրությամբ «ՀԺ»-ն պարզել է, որ այս կառույցը 2017 թվականին միայն ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման թվով 42 պայմանագիր է կնքել: ԱԱԾ-ի, այսպես ասենք, հիմնական գործընկերներն են՝ Երևանի կոնյակի գործարանը, Անի հյուրանոցը, Էլիտ բաս ընկերությունը, «Երևանյան գիշերներ» ռեստորանը, Արքայաձոր ռեստորանային համալիրը, Ուռենիներ ռեստորանը, Շիրակ հյուրանոցը, ճաշկերույթ կազմակերպող «Սել» ընկերություն և Երևան պանդոկը: Այսպես, ԱԱԾ-ի հյուրերը տեղափոխվում են մայրաքաղաքում ամենահայտնի տուրիստական ուղղություներ սպասարկող և քաղաքացիներին տեղափոխող ընկերությունների կողմից՝ Հյուր սերվիսի և «Էլիտ բաս» ընկերության կողմից: «Էլիտ բաս» ընկերության հետ այս տարի կնքվել է 115 հազար և 80 հազար դրամ արժեքով երկու պայմանագիր, որով տեղափոխվել են ԱԱԾ-ի հյուրերը: Հյուր սերվիսի հետ կնքվել է 430 հազար դրամ արժողությամբ մեկ պայմանագիր: «Պեռնո ռիկար Արմենիա» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է Երևանի կոնյակի գործարանի իրավական հիմնադիրը, ԱԱԾ-ին կոնյակ մատակարարող հիմնական ընկերությունն է: Միայն այս տարի Ազգային անվտագության ծառայությանը կոնյակներ մատակարարելու թվով 7 պայմանագիր է կնքվել: Բոլորը միասին վերցրած կազմել են մոտ 4 միլիոն դրամ (3 միլիոն 968 հազար 300 դրամ): Մատակարարվել են «Ախթամար», «Ընտիր» և «Նաիրի» տեսակի կոնյակներ, երբեմն էլ հուշանվերի տուփերով: «Սել» ընկերության հետ կնքվել է 2 պայմանագիր՝ 278 հազարական դրամ ծավալով: Երկու ճաշկերույթներին մասնակցել է 35 անձ: «Անի պլազա» հյուրանոցի հետ, որն ամենամոտն է ԱԱԾ-ի վարչական շենքին, կնքվել է հյուրանոցային ծառայություներ մատուցելու թվով 7 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3.5 միլիոն դրամ: Այս պայմանագրերից ամենաթանկը կազմել է 2.2 միլիոն դրամ, որով հյուրանոցը ԱԱԾ-ին է տրամադրել 2 հատ լյուքս և 13 հատ ստանդարտ համարներ, կոնֆերանս դահլիճը և 3 օր 34 անձի համար ճաշ և ընթրիք է մատուցել: «Երևանյան գիշերներ» ռեստորանի հետ կնքվել է թվով 3 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Պայմանագրերում չի նշվել, թե կազմակերպված ճաշկերույթներին քանի անձ է մասնակցել: «Արքայաձոր» ռեստորանը ԱԱԾ-ի հետ ունի կնքած 2 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 270 հազար դրամ: Այս ռեստորանի ծառայություններից օգտվողների թիվը կրկին նշված չէ պայմանագրերում: «Օնիրա քլաբ» ընկերությունը դուրս չի մնացել ԱԱԾ-ի գնուների գործընթացից: Այս ընկերությանը պատկանող «Մուլտի գրանդ» հյուրանոցի ծառայություններից օգտվելու համար վճարվել է 622 հազար դրամ: 2 օրով զբաղեցվել է հյուրանոցի թվով 3 ստանդարտ համարները, 2 օրով 1 լյուսք համար և 2 օրով մեկ այլ համար: Հյուրանոցի հյուրերը օգտվել են նաև ռեստորանի ծառայությունից: Այս հյուրանոցը, ի դեպ, պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հյուրանոցի հարևանությամբ տեղակայված է Երևանին մոտ միակ խաղատունը՝ «Շանգրի լա»-ն: «Հարսնաքար» ռեստորանի, «Երևան պանդոկ»-ի հետ կնքվել է մեկական պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 432 հազար դրամ: «Ուռենիներ» ընկերության հետ էլ կնքվել է 858 հազար դրամ արժեքով ճաշկերույթ կազմակերպելու պայամանգիր: Այս պայմանագիրը միակն է, որտեղ նշված է, թե ինչ միջոցառման շրջանակում է մատուցվել ճաշկերույթը: Պարզվում է, որ «Ուռենիներ»-ում ճաշկերույթ է մատուցվել թվով 69 անձի, որոնք մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների օպերատիվ-հետախուզական մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպմանը»: [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր