211652_close_icon
views-count2000 դիտում article-date 18:22 20-09-2017

Բարսելոնան սատարում է կատալոնացիների մեծամասնությանը անկախության հարցում

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել, որտեղ աջակցություն է հայտնում է կատալոնացիներին Իսպանիայից անկախանալու հարցում. «Վերջին օրերին, և հատկապես այսօր տեղի ունեցած իրադարձություններին անդրադառնալով, կապված Կատալոնիայում քաղաքական իրավիճակի հետ, «Բարսելոնան», հավատարիմ մնալով իր պատմական նվիրվածությանն ազգի պաշտպանությանը, ժողովրդավարությանը, խոսքի ազատությանն ու ինքնորոշմանը, դատապարտում է ցանկացած գործողություն, որը կարող է խոչընդոտել այդ իրավունքների ազատ իրականացմանը: Այդ իսկ պատճառով, «Բարսելոնան» հրապարակայնորեն իր աջակցությունն է հայտնում այն մարդկանց, կազմակերպություններին և հաստատություններին, որոնք աշխատում են այդ իրավունքները երաշխավորելու ուղղությամբ: «Բարսելոնան», առավելագույն հարգանք ունենալով իր տարբեր անդամների նկատմամբ, հետագայում ևս կաջակցի կատալոնացիների մեծամասնության կամքն ու դա կանի քաղաքացիական, խաղաղ և օրինակելի ձևով»,- նշվում է «Բարսելոնայի» տարածած հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում նախատեսված է անցկացնել հանրաքվե` Իսպանիայից անկախանալու վերաբերյալ: Նշենք, որ այսօր Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են Կատալոնիայի անկախության քարոզարշավի մի շարք ղեկավարների:

Նմանատիպ նյութեր