211652_close_icon
views-count4662 դիտում article-date 17:14 11-09-2017

Սեպտեմբերը` օրգանական ամիս. ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է նախաձեռնության մեկնարկի արարողությանը

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբեր ամիսը հայտարարվել է օրգանական ամիս: Այսօր տեղի է ունեցել նախաձեռնության պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների և շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական օրգանական սնունդ: Շնորհակալություն հայտնելով Եվրամիությանն ու ԱԶԳ-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է այս ուղղության կարևորությունը ոլորտի զարգացման համար: Նախարարի խոսքով` հանրապետության այն համայնքներում, որտեղ հնարավոր չէ գյուղատնտեսության խոշորածավալ զարգացում ապահովել, կարելի է հիմնել փոքր կամ միջին օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, որոնք կբարելավեն գյուղացիների վիճակը, կզարգանան և լրացուցիչ եկամուտներ կստեղծեն: Իգնատի Առաքելյանը նաև հավելել է, որ Եվրամիության երկրների շուկաներում մեծ է առողջ սննդի պահանջարկը և հայկական որակյալ օրգանական արտադրանքն այնտեղ կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել: Շեշտելով, որ ՕԳԱՆ ծրագիրը մշտապես գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում` նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի այս ճյուղի հետագա զարգացմանը: Միջոցառման ընթացքում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին խրախուսել է բոլորին տեղեկացված լինել թարմացվող իրադարձությունների մասին, ինչը կօգնի ծանոթանալ օրգանական գյուղատնտեսությանը, ինչպես նաև պարզել, թե որտեղ կարող են ձեռք բերել օրգանական արտադրանք: Դեսպան Սվիտալսկին ընդգծել է, որ Եվրամիությունը կարևորում է օրգանական գյուղատնտեսության խթանման գործընթացը Եվրոպայի սահմաններից դուրս՝ նշելով բազմաթիվ պատճառներ, այդ թվում` սպառողների առողջությունը, բնապահպանական հետևանքները և արտադրողների ֆինանսական կայունությունը: «ԵՄ-ն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրում է կատարում ոչ միայն բնակչության սննդամթերքի անվտանգության ապահովման համար, այլ նաև առողջ ապրելակերպի ռազմավարության նկատառումներով, ինչը համահունչ է առողջ ապրելակերպին ուղղված կառավարության քաղաքականության հետ», - նշել է Եվրամիության դեսպանը: «Ավստրիայում կուտակված հսկայական փորձը նպատակ ունի զարգացնել Հայաստանում օրգանական հատվածը, որը, չնայած վերջին տարիների օրգանական շարժման նախաձեռնողների ջանքերին, դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու: Նախագիծը երկրում ամենախոշորներից մեկն է, որն ուղղված է օրգանական հատվածի կայուն զարգացմանը: Այս համապարփակ նախաձեռնությունը ներառում է անհրաժեշտ օրենսդրական և կանոնակարգային փոփոխություններ, ֆերմերների և արտադրողների ուղղակի աջակցություն դրամաշնորհային սխեմաների միջոցով, ընդլայնված մարքեթինգային աջակցություն՝ միջազգային և ներքին շուկաներում հայկական օրգանական արտադրանքը պատշաճ ներկայացնելու համար», - նշել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը: ««Օրգանական սեպտեմբերի» ընթացքում կկազմակերպվեն իրազեկման մի շարք միջոցառումներ՝ հեռուստագովազդների շարք, արտաքին գովազդ, գովազդ սոցիալական ցանցերում, ինչպես նաև վիկտորինաներ www.dasaran.am կայքում: Ծրագրի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրգանական ոլորտի փորձագետների հետ, «Օրգանական զրույցներ» հանրահայտ հայերի հետ, խոհարարական վարպետության դասեր, հանդիպումներ արտադրողների և վաճառքով զբաղվող ընկերությունների հետ: Բացի այդ, հայ սպառողին տեղական օրգանական արտադրանքը ներկայացնելու նպատակով Carrefour սուպերմարկետում բացվել է «Օրգանական անկյուն», որտեղ, ի լրումն Գրին Դեյ օրգանական խանութի, կներկայացվի հայկական սերտիֆիկացված օրգանական արտադրանք», - նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը: Մասնակիցները պատասխանել են նաև լրագրողներին հարցերին: Միջոցառումը եզրափակվել է օրգանական սուրճի հյուրասիրությամբ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարությնա տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր