211652_close_icon
views-count20663 դիտում article-date 16:38 08-09-2017

«Հերոսներն անմահ են» գրական-երաժշտական երեկոների շրջանակներում մի հարկի տակ հյուրընկալվեցին Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների ծնողները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Նարեկացի» արվեստի միության հարկի տակ այս անգամ հյուրընկալվել էին որդեկորույս այն մայրերը, ում որդիները զոհվեցին 2016թ. ապրիլի 2-ին Արցախի սահմանների պաշտպանության համար թշնամու անհամեմատ մեծաքանակ ուժերի դեմ մղված մարտերում: «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանը «Հերոսներն անմահ են» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկոների շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից պարբերաբար «Նարեկացի» արվեստի միութուն է հրավիրում հերոսացած տղաների մայրերին, հայրերին, երախտագիտությամբ կրկնում, որ նրանց որդիների շնորհիվ ունենք ապահով այս օրը և ընտանեկան ջերմությամբ փորձում գոնե մի քանի ժամով նրանց կտրել իրենց տան «հուշ անկյուններից»: Վշտի տեսակ կա, որ ոչ մի բառով չես ամոքի… Իրենց իգիթ զավակներին հայրենի հողին հանձնած սևազգեստ մայրերին, հայրերին կքած, կորացած, գլխահակ տեսնելով՝ տիկին Մանուշակն ասաց. -Թող գլուխները կախ քայլեն այն մայրերը, ովքեր մարդասպան ու ավազակ որդիներ են մեծացրել, դուք հերոսներ եք մեծացրել, պետք է քայլեք հպարտ, բաց ճակատով: Նրանց վշտի անսահման վիհերը այլևս ոչ մի ուրախություն չի լցնի, թերևս միայն այն հպարտությունը, որ իրենց որդիներն արդեն հայ ազգի հերոսացած զավակներն են, և նմանատիպ մեծարման երեկոները նպատակ ունեն ևս մեկ անգամ հիշեցնելու, որ մենք հիշում ենք ու խոնարհվում ենք նրանց առջև: Արցախաբնակ և հայաստանաբնակ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ բացակա տղերքի՝ դիրքը չլքելու քաջության շնորհիվ է, որ այսօր ունենք Ջրական, Թալիշ, Մարտակերտ: 2016թ. ապրիլից շատ տարիներ կանցնեն, բայց ոչ մի հայ իրավունք չունի մոռանալու այս մայրերին.. Նրանցից շատերը իրենց մինուճար որդիներին, իրենց միակ խնամողին են կորցրել հանուն Արցախի սահմանների անառիկության: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց 90-ականների սկզբից մինչև մեր օրերը Արցախի ազատագրման և պահպանության համար մղված ազգային ազատագրական պայքարի հերոսների մասին պատմող տեսաֆիլմ նախաբանով՝ «Ունենք ապահով սեպտեմբեր մեր հերոսների շնորհիվ, նրանք չշարունակեցին իրենց սեպտեմբերը» և հախվերդյանական անզուգական «Կարմիր կակաչները»՝ միշտ արդիական երգի հնչողությամբ. - Գնացին տղերքը ու կորան հեռվում, -Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում… Դահլիճում բոլորը լուռ արտասվում էին, տիկին Մանուշակը խնամքով հավաքել էր մերօրյա հերոսների մանուկ և մեծ հասակի լուսանկարները և զետեղել ֆիլմում: Նրանցից շատերը չէին հասցրել ճաշակել ամուսնության, հայր լինելու բերկրանքը: Իսկ ով հայր էր արդեն, ծաղկուն տարիքում այրիացած նրանց կանայք, փոքրիկ որդիներն ու դուստրերը ներկա էին ու դիտում էին իրենց հերոս հայրերի մասին ֆիլմը: Ցուցադրվեց նաև 90 ականների սկզբին Արցախում նկարահանված ուշագրավ մի տեսանյութ, որում Մոնթեն 12 տարեկան տղաներին հարցնում է. -Դուք զինվոր պիտի ըլլաք: -Այո… -Երբ, քանի տարուց… - Հինգ տարուց: -Կհաղթեք այս պատերազմը: -Այոոո... Ու հաղթեցինք: Միջուկային զենքի այս դարում մենք ստիպված էինք մեր ազգային ազատագրական պայքարը սկսել մեր պապերի ժանգոտած հրացաններով, դեսից դենից ձեռք բերած, պատառոտված զինվորական համազգեստով…. Ու ինքներս մեզնով հաղթանակեցինք: Ըստ ներկայացված տվյալների՝ արդեն երկու տասնամյակ և ավելի շարունակվող այս պայքարի ընթացքում ունեցանք 10500 վիրավոր, 9400 հայորդիներ հավերժ հանգրվանեցին հայոց հողում: Հավաստենք, որ մեր հասարակության, մեր սերնդի մտածելակերպն ու վերաբերմունքն այսօր շատ է տարբերվում, 90 ականներին հաշմանդամ դարձած ազատամարտիկները կամ զոհված տղաների ընտանիքները հաճախ անուշադրության մատնված, անտեսված, իրենց վշտի ու խնդիրների հետ մեն մենակ ապրեցին: Անգամ համապատասխան գերատեսչությանն իրենց համար հատկացվող «օգնությունը» այդպես էլ իրենց չհասավ … Եվ շատ անգութ պաշտոնյաներ, անպատիժ մնացած, հարստացան հենց այդ անպաշտպան ընտանիքների շնորհիվ…Այսօր համացանցի շնորհիվ նաև գրեթե ոչ մի զինհաշմանդամ կամ հերոսի ընտանիք անտեսված չէ, անգամ պետական հոգածության «միջոցները», ի տարբերություն անցած քսանամյակի, այսօր հասնում են նրանց ընտանիքներին: Մեր կողքին ապրող հերոսները և մեզանից հեռացած հերոսների ընտանիքները մշտապես յուրաքանչյուրիս ուշադրության, հոգածության կարիքն ունեն… ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր