211652_close_icon
views-count2993 դիտում article-date 16:21 06-09-2017

Ժնևում տեղի է ունեցել Կոմիտաս Շվեյցարիա-Հայաստան բարեգործական կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառում. ԼՈՒՍՆԿԱՐՆեՐ

Սեպտեմբերի 3-ին Ժնևի հայկական կենտրոնում տեղի ունեցավ «Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան» (KASA - Komitas Action Suisse-Arménie) բարեգործական միության գործունեության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկավ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով երախտագիտություն հայտնեց ԿԱԶԱ-ի նախագահ Մոնիկ Բոնդոլֆի-Մասրաֆին և Դարիո Բոնդոլֆիին` Հայաստանում ծավալած մարդասիրական երկարամյա գործունեության համար։ Դեսպանորդ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ հիշյալ կազմակերպությունը, մարդասիրական գործունեության հետ մեկտեղ բազմաթիվ ծրագրեր սկսեց իրականացնել նաև շինարարության՝ հանրակրթական և արվեստի դպրոցների կառուցում և վերանորոգում, մասնագիտական վերապատրաստման, այդ թվում` առցանց ուսուցման ծրագրի միջոցով, ինչպես նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում՝ դառնալով մեր երկրի կայուն զարգացման կարևոր դերակատարներից մեկը։ Դրվատվեց նաև կազմակերպության կողմից Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցաբար իրականացվող գործունեությունը՝ ուղղված սիրիահայ փախստականների ինտեգրմանը: Նշվեց, որ ԿԱԶԱ-ն իր կարևոր նպաստն է բերել ինչպես հայ-շվեյցարական միջմշակութային կապերի խորացմանը, այնպես էլ հայ և շվեյցարացի ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը։ Հայաստանում և Սփյուռքում ծավալած բարեգործական և հասարակական գործունեություն համար՝ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը Մոնիկ և Դարիո Բոնդոլֆիներին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից շնորհված «Պողոս Նուբար» մեդալը, իսկ «Արմենիանոս հիմնադրամի նախագահ Ժակ Հոշստետերը և անհատ բարերար Լուսիան Շտամպն արժանացան հատուկ շնորհակալագրերի՝ տարիներ ի վեր Հայաստանում ԿԱԶԱ-ի կողմից իրականացվող ծրագրերին ցուցաբերած նշանակալի օժանդակության համար։ Միջոցառումը եզրափակվեց հայ և շվեյցարացի արվեստագետների երաժշտական կատարումներով, ինչպես նաև ԿԱԶԱ-ի անցած 20-ամյա ուղին ներկայացնող ֆիլմի ցուցադրությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր