4639 դիտում
21:58 27-11-2017
Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ին ՀՀ-ի անդամակցության և Հայաստան-Շվեյցարիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հանդիսություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 24-ին Ժնևի «Վիկտորիա հոլ» սրահում աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյաններին։
Համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերը, Ժնևում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վալենտին Զելվեգերը, Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին։
Երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպան Շառլ Ազնավուրը նշեց, որ քառորդ դար առաջ Հայաստանը միացավ ինքնիշխան պետությունների ընտանիքին՝ իրականություն դարձնելով աշխարհասփյուռ հայության բազում սերունդների երազանքը: «Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցությունը խորհրդանշում էր Հայաստանի նորանկախ Հանրապետության միջազգային լիակատար ճանաչումը՝ արտահայտելով միևնույն ժամանակ նրա հանձնառությունն՝ իր մասնակցությունը բերելու համընդհանուր արժեքների վրա հիմնված, արդար, համերաշխ և խաղաղ ապագա կերտելու միտված միջազգային հանրության հավաքական ջանքերին» նշեց Շառլ Ազնավուրը: Նա շնորհակալություն հայտնեց Միավորված ազգերի կազմակերպության բոլոր գործընկերներին, բոլոր պետություններին, որոնք Հայաստանի հավատարիմ ուղեկիցն են եղել քսանհինգամյա այդ ճանապարհին: Նա ընդգծեց, որ պետությունների ընտանիք Հայաստանի վերադարձը նշանավորվեց նաև երկկողմ հարաբերությունների հաստատմամբ: Այս կապակցությամբ նա իր գոհունակությունը հայտնեց անկախության հռչակումից անմիջապես հետո Հայաստանի և Շվեցյարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների և գերազանց համագործակցության հաստատման կապակցությամբ, որոնք նպաստեցին հայ-շվեյցարական դարավոր բարեկամական կապերի ամրապնդմանը: Նա իր երախտագիտությունը վերահաստատեց Շվեյցարիայի ժողովրդին՝ հայ ժողովրդի պատմության ամենադժվարին պահերին նրան ցուցաբերած համերաշխության համար:
Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին իր խոսքում նշեց, որ չափազանց ուրախ է ներկայացնել Ժնևն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի՝ Հայաստանի պատմության կարևոր իրադարձությանը նվիրված հանդիսությանը։ «Երեքհազարամյա պատմություն ունեցող հայ ժողովրդի համար վերջին քառորդ դարը հատկապես վճռորոշ նշանակություն է ունեցել, քանզի նորանկախ Հանրապետության հռչակմամբ Հայաստանը բռնեց վերակառուցման ուղին՝ պահպանելով իր ճարտարապետական և մշակութային ժառանգությունը, որը միաժամանակ համամարդկային ժառանգություն է» նշեց քաղաքապետը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը մշտապես կարողացել է դիմակայել բոլոր մարտահրավերներին, այդ թվում՝ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությանը։
ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Վալենտին Զելվեգերն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ կերպով զարգացող բազմաբնույթ և բազմոլորտ հարաբերություններին: Դեսպանը ողջունեց 2018թ․ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը և վերահաստատեց Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ աջակցելու գագաթնաժողովի շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպմանը։ Անդրադառնալով հայ-շվեյցարական կապերին՝ դեսպանը հիշատակեց 1988թ․երկրաշարժից տուժածներին Շվեյցարիայի կողմից ցուցաբերած մարդասիրական աջակցության մասին։ Նա անդրադարձավ նաև հայ-շվեյցարական առևտրատնտեսական կապերին՝ ընդգծելով, որ 2017 թվականն այս առումով կարելի է համարել աննախադեպ, քանի որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրաշրջանառությունը զգալի աճ է գրանցել: Նա նշեց նաև, որ Շվեյցարիան Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է ոչ միայն առևտրական կապերի, այլ նաև ներդրումների առումով։
Վ․Զելվեգերը կարևորեց նաև Շվեյցարիայի ներգավվածությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության պահպանման։ 2009թ․Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը, ինչպես նաև այս տարի հոկտեմբերին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումը հանդիսանում են Շվեյցարիայի շարունակական ջանքերի վկայությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության պահպանման ։
ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերը, եզրափակելով համերգի պաշտոնական մասը, իր ողջույնի խոսքում նշեց, որ ՄԱԿ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանը, հավատարիմ ՄԱԿ-ում իր հանձնառությանը, մեծ ջանքեր է գործադրել՝ ի նպաստ Միավորված ազգերի հիմնարար սկզբունքների՝ խաղաղության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման։
Մ. Մոլերը կարևորեց ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող մի շարք խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությունը՝ ի նպաստ միջազգային խաղաղության ու անվտանգության կառուցման։
Նա նաև ընդգծեց Հայաստանի կարևոր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ. նա հիշատակեց, մասնավորապես, 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը, որի շարունակությունը դարձավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից, Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն ընդունված բանաձևը՝ հռչակելու դեկտեմբերի 9-ը՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր։
Համերգին ներկա էին Ժնևում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ժնևի «Ավետիս» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված այս համերգի ընթացքում, Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների կատարմամբ, հնչեցին Մոցարտի, Պրոկոֆևի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի և Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1240 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4708 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած