211652_close_icon
views-count6479 դիտում article-date 13:52 04-09-2017

Հայաստանը չի հաստատել իր մասնակցությունը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. ՊՆ փոխնախարար

Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող Agile Spirit 2017 զորավարժություններին: Այս մասին այսօր «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին ասաց ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու են վրացի պաշտոնյաները հայտարարել, որ Հայաստանը վերջին պահին է հրաժարվել զորավարժություններից: «Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չի ասել, որ մասնակցելու է հերթական զորավարժություններին: Մեր պլանավորման մեջ որոշակի փոփոխություններ են եղել»,- ասաց նա: Արտակ Զաքարյանը նշեց, որ դա սովորական գործառույթ է և Զինված ուժերի գործունեության մեջ անընդհատ լինում են պլանավորումների վերանայումներ: Նա հայտարարեց նաև, որ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելը պայմանավորված չէ Ադրբեջանի մասնակցությամբ: «Ոչ մի խնդիր չի լինի: ՆԱՏՕ-ն կա, եղել է և շարունակելու է մնալ մեր գործընկերը: Մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք, և մեր անվտանգության գլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգն է: Մնացած մեր բոլոր համագործակցության խնդիրները անընդհատ փորձում ենք սև և սպիտակի բաժանել»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Նմանատիպ նյութեր