211652_close_icon
views-count6603 դիտում article-date 09:35 30-08-2017

Թեքսասում և Լուիզիանայում ջրհեղեղի ջրերի մակարդակը շարունակում է բարձրանալ. «Ամերիկայի ձայն»

Ջրհեղեղի ջրերի մակարդակը շարունակում է աճել ԱՄՆ-ի Թեքսաս և Լյուիզիանա նահանգներում։ Երկրի Ազգային օդերևութաբանության ծառայությունն այն համարում է աննախադեպ ճգնաժամ։ Թեքսասում սկսված ու դեպի Լուիզիանա տարածված Հարվի անվանումը կրող ծովամրրիկը դարձել է առնվազն 9 մարդու կյանքի կորստի պատճառ։ Ավելի քան 3Օ հազար մարդիկ տարհանվել են իրենց բնակավայրերից։ Ինչպես հրշեջներից Էդմունդո Վենեգասն է ասում, իրենք կիրառում են բեռնատարներ, դպրոցական ավտոբուսներ ու այլ միջոցներ՝ անխտիր բոլորին այս հատվածներից դուրս բերելու համար։ Նախագահ Դոնալդ Թրամփը, որը երեքշաբթի օրը կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ ժամանեց Թեքսաս, գովեստով է խոսել փրկարարների ու այդ աշխատանքներին լծված կամավորների մասին։ «Տեսնում ենք, թե ինչպես է հարևանն օգնում հարևանին, ընկերն՝ ընկերոջը, օտարն՝ օտարին։ Մենք այս օրերին ականատես ենք աննկարագրելի ջանքերի ու սիրո»,- ասել է նա։ Նախագահը խոստացել է դաշնային կառավարության լիակատար աջակցությունը և նշել, որ այս ջանքերին է արդեն լծվել դաշնային 8 հազար 500 ծառայող։ Տներին ու մյուս շինություններին հասցված վնասն արդեն տեսանելի է։ Սակայն պաշտոնատար անձինք ասում են, որ այս պահին առաջնային խնդիրը մարդկանց կյանքը փրկելն է։ Նահանգապետ Գրեգ Աբոթի խոսքերով, քաղաքի էլեկտրական սնուցումը կվերսկսվի մեկ կամ երկու օրից։ «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլորը ստանան անհրաժեշտ սնունդ ու բավարար քանակով խմելու ջուր»։ Թրամփը նաև հաստատել է արտակարգ իրավիճակների համար նախատեսված բյուջե հատկացնելու մասին Լուիզիանայի նահանգապետի դիմումը։ Նահանգապետ Ջոն Բել Էդուարդզն ասել է, թե ծովամրրիկը շարժվում է դեպի իր նահանգը և ավելացրել, որ վատագույնն այստեղ դեռ առջևում է։ Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը մարտ ամսին հայտարարել էր, թե նախատեսում է մեծ կրճատումներ իրականացնել արտակարգ իրադրությունների ու ջրհեղեղների համար նախատեսված դաշնային բյուջեից։ Թրամփն այսօր հայտարարում է, թե Թեքսասի ու Լուիզիանայի վերականգնողական աշխատանքների համար կպահանջվեն միլիարդավոր դոլարներ, ինչը դաշնային բյուջեից հատկացվելու համար պահանջելու է Կոնգրեսի համաձայնությունը։ Էդդիքի և Բարքերի ամբարտակներից մասնագետները բաց են թողել մեծ ծավալով ջրի պաշարներ, սակայն Էդդիքում մակարդակը հասել է 33 մետրի, ինչը նշանակում է, որ շուտով այն դուրս կթափվի պաշտպանիչ պատից։ Հյուսթոնից հարավ գտնվող Կոլումբիա լճի ամբարտակը ճեղքվածք է տվել։ Այն կարող է շատ արագ փլուզվել։ Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4005676.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր