211652_close_icon
views-count7900 դիտում article-date 17:07 23-08-2017

Ավստրիայի ԱԳ նախարարը՝ Էրդողանին. «Թուրքական ռեժիմի անդամակցումը Եվրամիությանը հնարավոր չէ»

Ավստրիայի արտգործնախարար Սեբասիան Կուրցը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունն ավելի շատ բռնապետական գծերով է բնորոշվում, հաղորդում է Ria Novosti-ն։ Կուրցի համոզմամբ՝ նման ղեկավարությամբ Թուրքիան մինչև 2023 թվականը հաստատ չի կարող անդամակցել Եվրամիությանը։ «Նախագահ Էրդողանն ակնհայտորեն բռնապետի գծր է ցուցադրում։ Այն, թե ինչպես է նա վերաբերվում քննադատներին, փոքրամասնություններին ու այլախոհներին, բացառապես անընդունելի է»,-ասել է Կուրցը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում։ Թերթը նշում է, որ Ավստրիան միակ երկիրն էր, որը մինչև վերջերս կողմ էր հանդես գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, սակայն այս տարվա հուլիսին Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց բանակցությունները դադարեցնելուն։ Բացի այդ, Կուրցը աջակցություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին, ովքեր դեմ են Անկարայի հետ մաքսային միության ընդլայնմանը։ «Քանի որ Թուրքիայում մարդու իրավունքների համակարգը և ժողովրդավարական հիմունքները ներկա պահին պարբերաբար խախտվում են, Թուրքիայի հետ մաքսային միության կապերը խորացնելը պարզապես անհնարին է»,-եզրափակել է խոսքը Ավստրիայի ԱԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր