211652_close_icon
views-count6467 դիտում article-date 18:42 17-08-2017

ԱԻՆ-ն ունի տեխնիկա, բայց բավարար չէ. անհրաժեշտ են հրդեհաշիջող ավիացիա, դժվարամատչելի պայմաններում աշխատող ամենագնացներ. Դավիթ Կարապետյան

«Մենք ունենք տեխնիկա, բայց այն բավարար չէ: Տեխնիկան ձեռք է բերվել նախարարության ունեցած հնարավորությունների սահմաններում: Թե ինչո՞ւ չունենք հրդեհաշիջող ինքնաթիռ, դրանք հարցեր են, որոնք պայմանավորված են ֆինանսի հետ, սակայն ժխտել, որ ԱԻՆ-ը վերջին տարիներին իր աշխատանքում մեծ արդյունավետություն և առաջընթաց է ունեցել, դա արդեն սուբյեկտիվ է: Խոշոր աղետներին պիտի պատրաստվենք և պատրաստվում ենք»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, անդրադառնալով Արտավանի և Խոսրովի արգելոցի հրդեհների դեմ պայքարին: Հարցին, թե այս ծավալի հրդեհին ԱԻՆ-ը պատրաստ չէ՞ր, փոխնախարարն ասաց. «ԱԻՆ-ը տեխնիկապես խնդիրներ ուներ, բայց դա մենք փորձեցինք կոմպենսացնել: Այս կարգի հրդեհների դեմ անգամ ամենամեծ ու զարգացած երկրները դժվարություններ ունենում են: Մենք մեր ռեսուրսներով առավելագույնն արել և անում ենք»: Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է օգոստոսի 12-ին էր: ԱԻՆ-ը ռուսական կողմի օգնությանը դիմել է ամսի 14-ին: Այս առնչությամբ փոխնախարարն ասաց, որ հրդեհի ծավալները սկզբում մեծ չէին, և հույս են ունեցել այն չեզոքացնել սեփական ուժերով: Սակայն քամին բորբոքել է կրակն ու նպաստել հրդեհի տարածմանը. «14-ի առավոտյան դիմեցինք ՌԴ մեր գործընկերներին, և նույն օրը ինքնաթիռը Հայաստանում էր»: Հարցին, թե ի՞նչ տեխնիկա է անհրաժեշտ ԱԻՆ-ին, Կարապետյանն ասաց. «Մեզ անհրաժեշտ են և՛ հրդեհաշիջող ավիացիա, և՛ դժվարամատչելի ռելիեֆի պայմաններում աշխատող ամենագնացներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Միջազգային համագործակցության շնորհիվ վերջին տարիներին մեքենաների պարկը թարմացվել է, սակայն անտառային հրդեհների համար տեխնիկա քիչ ունենք»:

Նմանատիպ նյութեր