211652_close_icon
views-count5093 դիտում article-date 18:13 17-07-2017

Արցախում մեկնարկեց «Մեծ կինոն՝ փոքր գյուղում» ամենամյա նախագիծը

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը, հիմնադիր Ջիվան Ավետիսյանի գլխավորությամբ, կազմակերպել է «Մեծ կինոն՝ փոքր գյուղում» խորագրով հեղինակային ֆիլմերի ցուցադրություն Արցախում։ Մեկնարկը տրվել է հուլիսի 14-ից՝ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում, որը սկսվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի երեք ֆիլմերով: Ռեժիսորի հայրենի գյուղի՝ Խաչմաչի համայնքային կենտրոնում հուլիսի 14-ին ցուցադրվեց նրա «Թևանիկ» ֆիլմը, հուլիսի 15-ին՝ «Ընդհատված մանկություն»-ը, հուլիսի 16-ին՝ «Վերջին բնակիչը»-ը: Հուլիսի 14-ին, մինչ «Թևանիկ» ֆիլմի ցուցադրումը, Ջիվան Ավետիսյանը ներկաներին պատմեց նախաձեռնած ծրագրի և նպատակի մասին։ «Առայժմ նախագիծը կայացման փուլում է, որը, հավանաբար, ամենամյա կդառնա և կանոնավոր բնույթ կկրի։ Ամեն տարի հրավիրելու ենք կինոոլորտի հայ և արտասահմանցի ներկայացուցիչների, ռեժիսորների, ովքեր ցանկություն կունենան իրենց ֆիլմերը ներկայացնել Արցախում։ Այս ամենը նպատակ է հետապնդում ճանաչելի դարձնել մեր հայրենիքը միջազգային հանրության կողմից: Օտար կինոգործիչները, ռեժիսորներն իրենց դերասանական կազմով կգան ու կտեսնեն Արցախը, կհիանան նրա հրաշագեղ բնությամբ, կլինեն պատմամշակութային վայրերում, կշփվեն արցախցիների հետ ու կծանոթանան մարդկանց խնդիրներին, մեր մշակույթին, ճարտարապետությանը, ի վերջո, կծանոթանան հայ ժողովրդի պատմական անցյալին ու ներկային, որը հետագայում՝ վստահ եմ, միտք կտա, որպեսզի նկարահանումներ իրականացնեն նաև Արցախում: Այսպիսով, հայկական կինոմատոգրաֆիան զարգացնելուց զատ, Արցախը նաև լայն ճանաչում ձեռք կբերի հատկապես արվեստի ոլորտում»,- իր խոսքում ընդգծեց ռեժիսորը: Հուլիսի 14-ին՝ «Թևանիկ» ֆիլմի ցուցադրությանը բացման խոսքով հանդես եկավ Խաչմաչի դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանը, ով, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Ջիվան Ավետիսյանին՝ նման գեղեցիկ նախաձեռնության համար և նշեց, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, դիտելով այս յուրօրինակ ֆիլմը, նորից իրենց ձայնը կբարձրացնեն Արցախի անկախության ճանաչման հարցով: «Մեզ համար շատ հաճելի է դիտել մեր համագյուղացի, տաղանդաշատ կինոռեժիսոր Ջ. Ավետիսյանի ֆիլմերը»,- իր խոսքի մեջ նշեց Ս. Մնացականյանը: «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, ով նաև փառատոնի նախաձեռնողներից է, իր խոսքում, մասնավորապես, ասաց. «Մեր նպատակն Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելն է: Կինոն քարոզչական ամենահզոր զենքերից մեկն է, և այն մենք պետք է արդյունավետ օգտագործենք: Ջիվանը, լինելով արցախցի, կարողացել է արցախցու տեսանկյունից աշխարհին ճիշտ ներկայացնել արցախյան հարցը: Ե՛վ «Թևանիկը», և՛ «Վերջին բնակիչը» ֆիլմերում, որոնք նկարահանվել են Արցախում, հաջողությամբ ներկայացվում է այդ հիմնախնդիրը»: ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ նշեց. «Նման նախաձեռնությամբ հանդես գալը հրաշալի գաղափար է: Իսկապես, շատ կարևոր է Արցախի մասին ճշմարտացի ֆիլմեր ունենալը, իսկ Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը, միանշանակ, այդպիսին են: Դրանք պատերազմի մասին ֆիլմեր են, ուր կան մարդկային խեղված ճակատագրեր: Ցանկալի կլինի, որ այդպիսի ցուցադրությունները շարունակական լինեն»: «Այս հեղինակային ֆիլմերի ցուցադրման ծրագիրը, պահանջարկի դեպքում, կարող է տարածվել նաև հանրապետության այլ գյուղական համայնքներում, ցանկացողները երբեք մերժում չեն ստանա, ընդամենն անհրաժեշտ կլինի նախապես պայմանավորվել և համաձայնեցնել»,- վստահեցնում է ռեժիսորը: Ֆիլմերի երեք օրյա ցուցադրություններին ներկա էր ԱՀ Վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր-մշակութային և հասարակական ոլորտի գործիչներ, կինո ոլորտի և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ և այլ նշանավոր անձինք Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի առանցքում մարդն է, շեշտը դրվում է մարդկային ճակատագրերի վրա, իր ստեղծագործություններում կան խնդիրներ, որոնք այսօր էլ արդիական են ՝ չնայած ֆիլմերը պատմում են ավելի քան 20 տարվա վաղեմության մասին։ Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում էլ ցուցադրվելու է ռեժիսորի «Վերջին բնակիչը» ֆիլմը։

Նմանատիպ նյութեր