211652_close_icon
views-count5823 դիտում article-date 20:50 16-07-2017

ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր պաշտոնական կայք ունի

ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր պաշտոնական կայք է գործարկել` նպատակ ունենալով ամրապնդել հասարակության վստահությունը և առավել արդյունավետ ապահովել հասարակություն-գերատեսչություն համագործակցությունը: «Նախարարության նոր կայքը` minfin.am-ը նպատակաուղղված է ՀՀ կառավարության ծրագրի «Կառավարության գործունեության հիմնական ուղղությունները» բաժնի չորրորդ կետի ապահովմանը` պետական կառավարման մարմինների հաշվետվողականության և թափանցիկության ավելացում, ինչպես նաև նրանց և քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ հետադարձ կապի ստեղծմանը: Նոր կայքը ժամանակակից մոտեցումներով արագագործ և ծավալուն կայք է` ընդլայնման և խորացման հնարավորոթյամբ: Այն նաև հնարավորություն է տալիս տարանջատել տեղեկատվության տեսակները` միևնույն ժամանակ պահպանելով տրամաբանությունն ու մոտեցումները»,- ասել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հայկ Բեջանյանը: Նոր կայքի կարևոր նորամուծություններից մեկն է «Վեբինար» հարթակը, որի միջոցով հնարավոր է կազմակերպել առավել կարևոր և արդիական թեմաների օպերատիվ արձագանքումը, ինչպես նաև մասնագիտական, լրատվական և հանրային քննարկումները: «Վեբինար»-ի միջոցով հնարավոր է կատարել հարցադրումներ և առաջարկություններ, ստանալ համապատասխան տեղեկատվություն, ինչպես նաև մասնակցել քննարկումներին, սեմինարներին, առցանց ասուլիսներին: Կայքն ադապտիվ է, պահպանում է արտաքին տեսքը, արդիական բոլոր դիտարկիչներով, ինչպես նաև կախված չէ օգտագործվող սարքավորման անկյունագծի չափից: Կայքը ֆիզիկապես գտնվում է ՀՀ ֆինանսների նախարարությունում և նրա հասանելիությունը, ֆունկցիոնալ ծրագրային թարմացումները, ինչպես նաև անվտանգությունն ապահովում են նախարարության համապատասխան ստորաբաժանումները: Շնորհիվ մի շարք գործիքների` կայքը հնարավոր է հասանելի դարձնել որոնման տարբեր համակարգերով, տարբեր երկրներից: Կայքը հնարավորինս հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերի տվյալներին` հեռախոս, պլանշետ, փոքր դիսփլեյ, միջին դիսփլեյ, մեծ դիսփլեյ: Նոր կայքն օժտված է ժամանակակից պահանջներին բավարարող բոլոր բաժիններով, այդ թվում` ՀՀ պետական պարտքի և մակրատնտեսական ցուցանիշների գրաֆիկներ, ինտերակտիվ բյուջե, պահոց:

Նմանատիպ նյութեր