211652_close_icon
views-count19396 դիտում article-date 21:53 27-06-2017

Մեր հայրենակցուհին իր առաջնեկի հետ Գերմանիայի Մանհայմ քաղաքի «Ծնողների դպրոց»-ում ստացել է «Մայրիկի լավագույն օրակարգը» մրցանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեր հայրենակցուհի Մերի Սարիկյանն իր առաջնեկի հետ օրեր առաջ Գերմանիայի Մանհայմ քաղաքի «Ծնողների դպրոց»-ում ստացել է «Մայրիկի լավագույն օրակարգը» մրցանակը։ Այժմ նա հնարավորություն է ստացել մի խումբ մասնագետների հետ համատեղ Գերմանիայում եւ Երեւանում իրականացնելու ծրագիր՝ նախատեսված մայրերի եւ երեխաների համար: Այս օրերին Մերին իր 7 ամսական դստեր՝ Էմիլիի եւ ամուսնու հետ Հայաստանում է. հուլիսի 21-ին, ժամը՝ 15։00-ին, «Լոֆթ» զարգացման կենտրոնում կկայանա բարեգործական միջոցառում-սեմինարը։ Մերիի փոխանցմամբ՝ ծնողների դպրոց սկսել է հաճախել հղիության շրջանից եւ մասնակցել է բազմաթիվ կուրսերի՝ «Ինչպե՞ս կրծքով կերակրել երեխային», «Ծննդաբերության նախապատրաստական կուրսեր», «Ինչպե՞ս սկսել հավելյալ սնունդը», «Հետծննդաբերական վերականգնողական կուրս», «Հղիների յոգա» եւ այլն։ Մրցույթի առաջին փուլում տարբեր ազգերի մայրերի առջև դրված առաջադրանքն էր՝ գրել գեղեցիկ պատմություն մայրանալուց հետո մեր զգացմունքների մասին. Մրցույթի 2 անվանակարգերից՝ «Մայրիկի լավագույն օրակարգը» եւ «Ամենածիծաղաշարժ պատմություն», հանրությանը հայտնի «Emily & Mommy» անունով մայրիկն ու դուստրը հաղթել են «Մայրիկի լավագույն օրակարգը» անվանակարգում «Սկզբում մենք ընտրվեցինք լավագույն 10-յակի մեջ, իսկ եզրափակիչ փուլում պետք է ներկայացնեինք, թե ինչպես ենք կարողանում պահպանել մայր-կին-արտաքին աշխարհ կապերի միջև հավասարակշռությունը։ Մրցույթին մասնակցում էին ամենատարբեր ազգության մայրիկներ և այդ փաստն ինձ համար կրկնակի ուրախալի է դարձնում հաղթանակս, քանի որ մեր պատմությունը փաստորեն լավագույնն է դիտարկվել ամենատարբեր երկրներից մասնակցող մայրիկների ներկայացրած պատմություններից», - նշում է նա։ Մերին Գերմանիա տեղափոխվել է երկու տարի առաջ, մեկնելուց հետո է սկսել գերմաներեն սովորել. «8 ամիս կուրսերին մասնակցելուց հետո հանձնել եմ քննություն և ստացել լեզվի C2 մակարդակի վկայական, որն ամենաբարձրն է համարվում։ Այնուամենայնիվ, երբ ասելիքդ ազնիվ է և բխում է սրտիցդ, ապա լեզուն երբեք խոչընդոտ չի կարող հանդիսանալ։ Հաղթելուց հետո երջանկություն և հպարտություն էի զգում»։ Այս աշխատանքային գործունեության ընթացքում նա առաջարկ է ստացել «Focus On Children Now» հասարակական կազմակերպության կողմից համատեղ կազմակերպելու միջոցառում նաև Հայաստանում։ Ծրագրի նպատակն է օգնել մայրիկներին արդյունավետ կազմակերպել իրենց և երեխայի օրը, հաղթահարել երեխայի ծնունդից հետո նոր կյանքի ադապտացման փուլերը, բացահայտել կին/մայր/արտաքին աշխարհ կապերի միջև հավասարակշռության գաղտնիքը. «Սեմինարին կփորձեմ փոխանցել մեր երիտասարդ մայրիկներին իմ փորձն ու գիտելիքները, գերմանական և հայկական մոտեցումների լավագույն միքսը։ Կխոսվի այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել հավասարակշռությունը կյանքի բոլոր ոլորտների միջև, այսինքն՝ ինչպես լիարժեք ապրել երեխայի ծնունդից հետո ևս։ Մյուս կողմից էլ, քանի որ ծրագիրը բարեգործական է, կլինեն հանգանակություններ, որոնք կուղղվեն մանուկների օգնությանը։ Ժամանակի սղության պատճառով սեմինարը, ցավոք, կիրականացվի միայն մեկ օր, ուստի կոչ եմ անում բոլոր մայրիկներին և ապագա մայրիկներին բաց չթողնել հնարավորությունը՝ դառնալու հրաշալի միջոցառման մի մասը իրենց բալիկների հետ»։ Մանհայմի ծնողների դպրոցում մի քանի ծրագրերի շրջանակում հայուհին ներկայացրել է իր և Էմիլիի օրակարգը՝ փորձելով օգնել մայրիկներին ճիշտ կազմակերպել իրենց և երեխաների օրը. «Առաջին սեմինարները մեծ արձագանք գտան և արժանացան մայրիկների հավանությանը, ինչի շնորհիվ հնարավորություն եմ ստացել նաև հետագայում հանդես գալու նոր ծրագրերում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր