211652_close_icon
views-count9560 դիտում article-date 12:25 25-05-2017

Վարչապետը հանձնարարեց շենքերի տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանել

Կառավարության հերթական նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանել: Նա հիշեցրեց մարտի 23-ի հանձնարարականը և նշեց, որ այստեղ դեռ անելիքներ ունեն: «Քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ, մոտեցում՝ հատկապես շենքերի տանիքների մասով՝ ձև, նյութ, գույն և այլն: Նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն»,- ասաց նա և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկու ամսյա ժամկետում բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների տանիքների արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ: Այնուհետև վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին, քաղաքապետին գոյություն ունեցող բազմաբնակարանային շենքերի և այլ շինությունների արտաքին ճարտարապետական տեսքը փոփոխող հատվածի ձևափոխումները վերացնելու նպատակով մեկամսյա ժամկետում հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել ժամանակացույց տանիքների և արտաքին այլ տարրեր պարունակող պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների հաշվին և այլ միջոցների ներգրավմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետն ասաց, որ պետական և համայնքային բյուջեներից տանիքների վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման դեպքում պետք է առաջնորդվել առաջին կետով նախատեսված պահանջներով: «Ինձ թվում է՝ խնդիրը պարզ է, եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր»,- հավելեց Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր