211652_close_icon
views-count11175 դիտում article-date 21:09 11-04-2017

Արսեն Ջուլֆալակյան. Հաղթանակն ապացուցեց, որ ես դեռ անելիք ունեմ սպորտում

Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը մոտ կես տարի դադարից հետո գորգ վերադարձավ հաղթանակով: Հայ ըմբիշը հաղթեց օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարում: Ջուլֆալակյանը Ռիոյի օլիմպիական խաղերից հետո առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցաշարի. «Էստոնիայի մրցագորգում տարած հաղթանակը եւս մեկ ապացույց էր, որ ես դեռ անելիք ունեմ սպորտում, Արսեն Ջուլֆալակյան մարզիկը կա: Ինքս համոզվեցի, որ բարդ ժամանակներն արդեն անցյալում են: Օլիմպիական խաղերից հետո հոգեբանական ծանր վիճակում էի: Ռիոյում այլ արդյունք էի ակնկալում, սակայն չստացվեց: Ինձ պետք էր վերականգնվել: Չէի ցանկանում մեծ սպորտից պարտությամբ հեռանալ: Երեւի հենց այս միտքն ինձ մոտիվացրեց, որ շարունակեմ կարիերաս: Հոգեբանական վիճակի եւ վնասվածքի պատճառով մոտ կես տարի բաց թողեցի: Կարողացա հաղթահարել այդ ծանր ժամանակահատվածը եւ նորից սկսեցի մարզվել: Անկեղծ ասած, ըմբշամարտի կանոնների փոփոխությունների պատճառով երկմտում էի՝ վերադառնալ գորգ, թե՝ ոչ: Բայց հետո իմացա, որ չորեքթաթ դիրքը նորից վերականգնվում է: Եթե դա չլիներ, ավելի շատ հակված էի միջազգային կարիերաս դադարեցնելու մտքին»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ըմբիշը: Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, սակայն կշարունակի մարզվել հավաքականի հետ. «Լեւոն Ջուլֆալակյանի հետ որոշեցինք, որ բաց թողնեմ Եվրոպայի առաջնությունը: Մարտից մարզվում եմ եւ մայիսին լիովին պատրաստ չէի լինի: Չեմ ցանկանում պարզապես մասնակցության համար հանդես գալ: Մինչ այս մարզվում էի հավաքականում, սակայն առանձին ծրագրով, քանի որ այլ մրցաշարի էի պատրաստվում: Այժմ կրկին կլինեմ գլխավոր թիմի հետ: Եվրոպայի առաջնությունից հետո կշարունակեմ հավաքականի ծրագրով»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը:

Նմանատիպ նյութեր