211652_close_icon
views-count7977 դիտում article-date 22:34 27-03-2017

Հակոբ Սերոբյան. Արդյունքները սպասվածից բարձր են

Այսօր Հայաստանի մարմնամարզիկները Դոհայից վերադարձան Հայաստան: Քաթարի մայրաքաղաքում նրանք մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության փուլին եւ նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ այս մրցաշարում իր համար մի քանի անակնկալներ եղան: Նա գոհ է տղաների գրանցած արդյունքներից. «Ես նախընտրում եմ քիչ խոսել եւ շատ անել: Մեծ անակնկալ էր, որ նժույգ թափերում Արթուր Դավթյանը մեդալ նվաճեց, իսկ ազատ վարժությունում 4-րդ տեղը զբաղեցրեց: Առաջիկայում` Եվրոպայի առաջնությանը, նա պետք է հանդես գա բոլոր գործիքների վրա, այդ պատճառով էլ այս մրցաշարում փորձեցինք նրա ուժերը: Դավթյանը շատ ուժեղ է հենացատկում, եւ արդյունքը սպասելի էր: Սակայն չէինք պատկերացնում, որ մյուս վարժությունում եւս նա եզրափակիչ կանցնի: Արթուր Թովմասյանը մեկ տարի բաց էր թողել վնասվածքի պատճառով: Այս մրցման ժամանակ ամենալավ կատարումը ցույց տվեց: Շատ գոհ եմ, որ վերականգնվելուց հետո նման արդյունք գրանցեց: Մեդալներ ակնկալում էինք նաեւ Վահագն Դավթյանից եւ Հարություն Մերդինյանից: Դավթյանը միավորների շատ քիչ տարբերությամբ 4-րդ տեղը զբաղեցրեց, իսկ Մերդինյանի մոտ վնասվածքը զգացնել տվեց: Հարությունը նախադաստակի կոտրվածք ուներ, հետո մարզվեց մեկ ամիս: Բայց այդ բարդ վարժության համար շատ ժամանակ է հարկավոր: Տղաները սպասվածից ավելի բարձր արդյունք գրանցեցին: Մեդալների քանակով Չինաստանից հետո երկրորդն ենք: Սա եւս անակնկալ էր»,-ասաց Հակոբ Սերոբյանը:

Նմանատիպ նյութեր