211652_close_icon
views-count3053 դիտում article-date 18:05 25-03-2017

ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել մի շարք գրքերի շնորհանդես, որոնցից մի քանիսը լույս են տեսել ԵՊՀ հրատարակչության կողմից

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման, պատմության, արևելագիտության ֆակուլտետների դեկանները, ամբիոնի վարիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, թուրքագետներ, լեզվաբաններ, հասարակական գործիչներ, մտավորականներ և ուրիշներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարևորեց Սփյուռքի համայնքների պատմության, մշակույթի, գրականության, լեզվի հիմնախնդիրների գիտական համակողմանի ուսումնասիրությունը. «Գիտական այս հետազոտությունները կօգնեն մեզ՝ ավելի համակողմանիորեն և խորությամբ ճանաչել Սփյուռքի պատմությունը, ծանոթանալ համայնքների առանձնահատկություններին, հաշվի առնել առաջարկություններն և եզրակացությունները»: Ամեն տարի Սփյուռքի նախարարությունը գիտական հետազոտությունների պատվերներ է տալիս՝ չորս ուղղություններով: Առաջինը հայկական համայնքների պատմության, տեղաշարժերի վերաբերյալ ուսումնասիրություններն են, երկրորդ խումբը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման իրավական խնդիրներին, երրորդը՝ լեզվի պահպանության, զարգացման, չորրորդը՝ սիրիահայերի խնդիրների կարգավորման ուղիների վերաբերյալ հետազոտությունները: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ շնորհանդեսին ներկայացվածները սոսկ գրքեր չեն, այլ հարցադրումներ ունեցող լուրջ հետազոտություններ. «Այդ հարցադրումների շուրջ տարիներ շարունակ վիճում են գիտնականները, դրանք հետազոտության, ուսումնասիրության անսպառ աղբյուր են»: ԵՊՀ-ականների կողմից հրատարակված գրքերը երեքն են. Սփյուռքի նախարարության ֆինանսական աջակցությամբ լույս են տեսել Արևելագիտության ֆակուլտետի դասախոսներ Դավիթ Սաֆարյանի, Գուրգեն Մելիքյանի, Վարդան Ոսկանյանի և Ալեքսանդր Սաֆարյանի «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում», Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսներ Քրիստինե Անտոնյանի և Գրիգոր Հայրապետյանի «Սփյուռքի ներդրումային ներուժի բարձրացման ուղիները ՀՀ տնտեսությունում» և Պատմության ֆակուլտետի դասախոս Վլադիմիր Վարդանյանի «Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման իրավական հիմնախնդիրները» աշխատությունները: ՀՀ Սփյուռքի նախարարը միջոցառման ավարտին նշել է, որ համագործակցությունը գիտական կառույցների հետ շարունակական կլինի:

Նմանատիպ նյութեր